00:00:00

Աշխարհի առաջնություն․ Իսպանիայի եւ Պորտուգալիայի ձանձրալի խաղերը․ 1/8-րդ եզրափակչի առաջին մրցակիցները հայտնի են

17:04, 26 հունիս 2018 Սպորտ

Նախօրեին Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկու խմբերի փուլային երրորդ տուրի հանդիպումները տեղի ունեցան։ Այսպիսով, արդեն հայտնի են 1/8-րդ եզրափակչի առաջին մրցակիցները։ A խմբում մրցեցին Ռուսաստանի եւ Ուրուգվայի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները։ Խմբի ֆավորիտ համարվող Ռուսաստանի հավաքականը խոշոր՝ 0։3 հաշվով զիջեց Ուրուգվային, սակայն անցավ 1/8 եզրափակիչ՝ 6 միավորով։ Խմբի առաջատար դարձավ Ուրուգվայի հավաքականը, ով 9 միավոր վաստակելով՝ եւս անցավ հաջորդ տուր։ Սաուդյան Արաբիան 2։1 հաշվով հաղթեց Եգիպտոսի հավաքականին, սակայն երկու թիմերն էլ դուրս մնացին հետագա պայքարից։ Հանրահայտ եգիպտացի ֆուտբոլիստ Սալահը ոչնչով չկարողացավ օգնել հավաքականին, 3 խաղի արդյունքում Եգիպտոսը ոչ մի միավոր չունեցավ։ B խմբում տեղի ունեցան Պորտուգալիա-Իրան, Իսպանիա-Մարոկկո հանդիպումները։ Երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ ոքի հաշիվներով, իսկ խմբի առաջատարներ եւ ընդհանրապես Առաջնության ֆավորիտներ համարվող Պորտուգալիան եւ Իսպանիան չափազանց ձանձրալի խաղ ցույց տվեցին։ Պորտուգալացիներն Իրանի հետ խաղում ավելի թույլ տպավորություն էին անգամ թողնում։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Նշենք, որ Ռոնալդուն՝ Պորտուգալիայի առաջատարը, չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Իսպանիա-Մարոկկո հանդիպումն էլ ավարտվեց 2։2 հաշվով։ Արդյունքում Իսպանիան եւ Պորտուգալիան 5-ական միավորներով անցան 1/8-րդ եզրափակիչ։ Առաջին տեղում խմբում Իսպանիան էր՝ խփած գնդակների քանակի հաշվին։ Իրանը՝ 4 եւ Մարոկկոն՝1 միավորներով դուրս մնացին պայքարից։ Այսպիսով, 1/8-րդ եզրափակչում A խմբի առաջատար Ուրուգվայը կհանդիպի Պորտուգալիայի հետ, իսկ B խմբի առաջատար Իսպանիան՝ Ռուսաստանի հավաքականի հետ։ Այսօր սպասվում են C եւ D խմբերի հանդիպումները։ C խմբում կմրցեն Դանիան եւ Ֆրանսիան։ Խաղի ֆավորիտ է Ֆրանսիայի հավաքականը։ Եւ նույն խմբում կհանդիպեն Ավստրալիան եւ Պերուն։   D խմբում կմրցեն Իսլանդիան եւ Խորվաթիան ու Նիգերիան եւ Արգենտինան։ Իսլանդիայի հետ խաղում խորվաթները ֆավորիտ են համարվում։ Արգենտինայի հավաքականը երկու խաղերի արդյունքներով ունի ընդամենը 1 միավոր եւ սա նրանց վերջին հնարավորությունն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր