00:00:00

Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

22:11, 25 հունիս 2018

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ, նրան մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք։ Նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ռուսական բազմադարյա ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգացման նոր փուլ են թևակոխում, և ընդգծել, որ փոխգործակցության ներուժի առավելագույն օգտագործումը բխում է երկու պետությունների շահերից։ Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ տարածքային կառավարման բնագավառը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր հայ-ռուսական հարաբերությունների շարունակականության ապահովման և փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում դրանց նոր թափ և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։ Բարձր գնահատելով ռազմաքաղաքական, անվտանգային և տնտեսական ինտեգրացիոն կառույցներում հայ-ռուսական սերտ համագործակցությունը՝ Սուրեն Պապիկյանը միաժամանակ ամրագրել է, որ այդ հարաբերությունների հետագա խորացումն ու աշխուժացումը դրական կազդի նաև տարածաշրջանային կայունության և տնտեսական ներուժի ամբողջական իրացման վրա։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև այս շաբաթ Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ համաժողովը խթան կհանդիսանա արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման և ամրապնդման համար։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր