00:00:00

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել

02:36, 25 հունիս 2018 Իրավական

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել ապրիլին տեղի ունեցած  բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել  2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով։ Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Արարատի մարզի մի շարք բնակիչներ երթով շարժվել էին դեպի Երեւան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։  Ժամը 16:00-17:00-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի էր ունեցել բախում, որի ժամանակ հնչել էր նաեւ կրակոց, որի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել Էջմիածնի մի բնակիչ։ Տեղի ունեցած միջադեպին մասնակցելու  համար «Փաստինֆո»-ի տեղեկություններով, մեղադրանք է առաջադրվել նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ։ Հիշեցնենք, որ նրան ավելի վաղ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել նաեւ Էրեբունու վարչական շրջանի տարածքում ապրիլի 22-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ մասնակցելու համար։ Դատարանը մերժել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը եւ ներկայումս նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չբացակայելու մասին ստորագրությունը։ Դատախազը որոշում կայացրեց ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Համբարձումյանի որպես քաղաքապետի լիազորությունները, սակայն վերջինս դրան չենթարկվեց եւ այսօր էր շարունակում է պաշտոնավարել՝ հայտարարելով, որ դատախազը նման լիազորություն չունի եւ այն հակասում է օրենսդրությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր