Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում: Զորախաղերին հետևել և մասնակիցներին համապատասխան ուսումնամեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով բացի ղեկավարման կետերում հրամկազմի գործողությունները վերահսկելուց, եղել է նաև կրակային դիրքերում և տեղում ստուգել պայմանական մարտադաշտում, ըստ մարտակարգերի, տեղակայված ստորաբաժանումների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին:
ԱՀ ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախքան պայմանական մարտական գործողություններին անցնելը, միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված պայմանական մարտական իրադրությունը, զեկուցել իրականացված միջոցառումների և ընդունված որոշումների մասին, կատարել տեղագրական ու մարտավարական կողմնորոշում:
<<Տիգրանակերտ>>զորավարժարանում գործողությունները մեկնարկել են հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում: Յուրային ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, վարել պաշտպանողական մարտ, այնուհետև անցնել հակագրոհի և, զբաղեցնելով առավել նպաստավոր բնագծեր, վերականգնել կորցրած դրությունը:
Երկաստիճան հրամանատարաշտաբային, իսկ ապա նաև մարտական հրաձգությամբ ուղեկցվող գումարտակային մարտավարական զորավարժությունը լիովին իրացրել է նախանշված ուսումնական նպատակները: