Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Աննա Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:
26-ամյա Աննային, որն իր խնամքին երկու մանկահասակ երեխա ունի, մեղադրանք էր առաջադրված ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու, հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 1-ին մասերով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունիսի 19-ին Աննա Հ.-ն իրենց գյուղի սկզբնամասից հավաքելու միջոցով ապօրինի ձեռք է բերել, մանրացնելու և չորացնելու միջոցով ապօրինի պատրաստել ու պահել է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ իր օգտագործման նպատակով:
2017 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում գտնվող Մակարավանքի տարածքում Աննա Հ.-ն իր մոտ եղած մարիխուանա թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է իր ընկեր Գևորգ Մ.-ին, իսկ թմրամիջոցի մնացած մասը՝ երկու փաթեթով, ընդհանուրը՝ 1,07 գրամ հաստատուն քաշով, պահել է իր մոտ: Մակարավանքից գյուղ իջնելուց հետո ոստիկանության աշխատողները նրան բերման են ենթարկել ու հայտնաբերել են թմրամիջոցը:
Առաջին ատյանի դատարանում Աննա Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե իր ծանոթ Գևորգից հղի է եղել, նրա հետ հանդիպել է, որ դրա վերաբերյալ խոսեն: Գևորգն ընկերոջ մեքենայով եկել է իր հետևից, մեքենայով գնացել են Մակարավանք: Գևորգն է իրեն թմրամիջոցը հյուրասիրել՝ առաջարկելով, որ օգտագործեն, հետո խոսեն: Երբ Գևորգը գրպանից թմրանյութը հանել է, նրա ընկերը ներկա է եղել: Հետո նա հեռացել է, ինքն ու Գևորգը մնացել են Մակարավանքի տարածքում: Թմրանյութն օգտագործել են ինքն ու Գևորգը, հետո ընկերը նորից եկել ու մեքենայով իրենց գյուղ է իջեցրել: Ճանապարհին իրենց մեքենային հետապնդել է ոստիկանական մեքենա: Գևորգն իրեն առաջարկել է թմրանյութը պահել՝ համոզելով, որ ինքը հղի է, երկու մանկահասակ երեխա ունի, իրեն չեն դատի: Ինքը Գևորգին ասել է, որ եթե իրեն դատեն, ինքը ճշմարտությունը կհայտնի: Գևորգը սպառնացել է, որ այդ դեպքում կսպանի իրեն:
Ոստիկանության բաժնում թմրամիջոցը իր մոտից է հայտնաբերվել: Ինքը թմրանյութ օգտագործել է ընդամենը երկու անգամ: Նախաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել՝ Գևորգից վախենալով:
Գևորգ Մ.-ն գործով վկայի կարգավիճակ ունի:
Առաջին ատյանի դատարանը Աննային մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 1 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 19-ից:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Աննա Հ.-ն՝ խնդրելով բեկանել դատավճիռը, իրեն արդարացնել կամ պատժի մասով փոփոխել դատավճիռը, իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել:
Վերաքննիչ դատարանը նախորդ նիստի ժամանակ անցել էր գործի վերաքննության՝ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրելով առանցքային վկա Գևորգ Մ.-ին:
22-ամյա Գևորգը, ով անչափահաս տղայի տպավորություն էր թողնում, դատարանում պնդեց, որ Աննան է իրեն հյուրասիրել թմրամիջոցը:
Ինքը Աննայի հետ ծանոթացել է՝ իմանալով, որ նա «բոլորի հետ ֆռռում է»: Աննան չի մերժել, իրենք հանդիպել են մի քանի անգամ: Հետո Աննան զանգել ու ասել է, որ իրենից հղի է: Ինքը չի հավատացել, որ նա հղի է հենց իրենից: Աննան իրենից գումար է խնդրել, որ դեղ գնի ու հղիությունն ընդհատի: Ինքը նրան փոխանցել է այդ գումարը՝ չհավատալով, որ նա իրենից է հղի:
Դեպքի օրն ինքը ծնունդի էր գնացել: Աննան զանգել ու առաջարկել է, որ «ման գան»: Ինքն էլ խմած էր, համաձայնել է, ընկերոջ մեքենայով գնացել, Աննային վերցրել, գնացել են Մակարավանքի տարածք: Ընկերը մեքենայով հեռացել է՝ ինքը նրա հետ պայմանավորվել է, որ մի քանի ժամից գա իրենց հետևից:
Երբ Աննայի հետ մնացել են մենակ, նա գրպանից ինչ-որ փաթեթ է հանել, իրեն առաջարկել է փաթեթի միջի խոտը ծխել, ասել է՝ «պլան ա, փորձի, տես ինչ լավն ա»: Ինքն առաջին անգամ պիտի թմրամիջոց օգտագործեր: Աննան տարածքում հյութի շիշ է գտել, խոտը լցրել է շշի մեջ, վառել է, շնչել է ծուխը, հետո իրեն է առաջարկել: Ինքը շնչել է խուխը, բայց բան չի հասկացել:
Հետո իրենք երկար զրուցել են, ընկերը մեքենայով եկել, իրենց գյուղ է իջեցրել: Գյուղի կենտրոնում իրենց մեքենան ինչ-որ մեկը կանգնեցրել է: Պարզվել է՝ ոստիկաններն են: Իրեն ու Աննային տարբեր մեքենաներով բերման են ենթարկել: Ինքը թմրամիջոց չի ունեցել, Աննային ոչինչ չի փոխանցել, ոչինչ չի պայմանավորվել նրա հետ: Գևորգն ասաց, թե Մակարավանքի տարածք են գնացել «ման գալու և խոսելու», որովհետև այնտեղ «շատ սիրուն տեղեր են»…
Վերաքննիչ դատարանում Աննա Հ.-ն Գևորգին լսում էր «մեծական» կիսաժպիտով, նույնիսկ Գևորգին «անուղեղ» անվանեց և ասաց, թե ինքը «դեբիլի պես» ամեն բան իր վրա է վերցրել:
Երբ Գևորգն ասաց, թե Աննան բոլորի հետ «ֆռռում էր», դրա համար էլ ինքը չի հավատացել, որ նա իրենից է հղի, Աննան հեգնեց. «Դու էլ որոշեցիր ինձ բռնել տաս, որ ոչ մեկի հետ չֆռռա՞մ»:
Աննան բերման ենթարկվելու պահին իրոք հղի է եղել, բայց երրորդ երեխային աշխարհ չի բերել, ընթացքում հղիությունն ընդհատվել է:
Արդեն համարյա մեկ տարի է՝ նա իր երկու մանկահասակ երեխաներին չի տեսել, երեխաները Աննայի մայրիկի մոտ են:
Աննա Հ.-ի շահերի պաշտպանը խոսեց Աննայի անմեղության մասին, խնդրեց նրա նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնել, իսկ Աննան արդարացման պահանջի մասին չհիշելով՝ խնդրեց իր նկատմամբ մեղմ լինել, ինքը հասկացել է իր սխալը, նախկինում թմրամիջոց օգտագործել է, այլևս չի օգտագործի:
Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը բավարարեց մասնակիորեն՝ Աննային չարդարացրեց, բայց նրա կողմից 2017 թվականի հուլիսի 19-ից անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցեց նրա նկատմամբ սահմանված պատժին, որոշեց պատժի չկրած մասը պայմանականորեն չկիրառել, սահմանել 3 տարի փորձաշրջան:
Աննա Հ.-ն ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճում:
Աննան անակնկալի եկավ: Երբ նրան հարցրին՝ գյուղ գնալու հնարավորություն ունի՞, պատասխանեց՝ չէ: Դատարանի դահլիճում նրա հարազատներից ոչ ոք չկար: Բայց գործով մեղադրողն ու պաշտպանը դատարանին հավաստիացրին, որ կաջակցեն ազատ արձակված ամբաստանյալին, որ գյուղ հասնի:
Նախագահողը կարճափեշ Աննային խորհուրդ տվեց ճիշտ ապրելակերպի անցնել, մտածել երեխաների մասին և զգուշացրեց, որ նոր հանցավոր արարք կատարելու դեպքում չկրած պատիժը կգումարվի նոր պատժին…
Նյութի աղբյուրը՝ 1in.am