00:00:00

Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ. ԱՆ

16:07, 21 հունիս 2018

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ)  և բերանային(կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով: Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում եւ դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի եւ 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ: Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ): Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը: Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը. դրա մեջ մտնող թեեւ թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով: Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները  2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը եւս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին: Այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, եւ փաստել է իր արդյունավետությունը: Բացի պոլիոմելիտի պատվաստանյութից՝ փոփոխվում է նաեւ կապույտ հազի բաղադրիչը. դեղաչափը մնում է նույնը, փոխվում է հակածինների կազմը: Այս համատեքստում որոնք են հնգավալենտի եւ վեցավալենտի տարբերությունները.
  • Վեցավալենտն առավել փոքր թվով երեխաների մոտ կառաջացնի ջերմային ռեակցիա, քանի որ դրա բաղադրության մեջ կապույտ հազի հակածինները մոտ հինգ անգամ պակաս են:
  • Ակնկալվում է, որ հետպատվաստումային առավել թեթեւ ընթացքի դեպքում կավելանա պատվաստումների քանակը, ինչի արդյունքում կնվազի կապույտ հազով ընհանուր հիվանդացությունը: Այնինչ, նկատենք, որ վերջին շրջանում վարակի որոշակի աշխուժացում է նկատվում:
  • Պատվաստանյութերի մեկտեղմամբ պատվաստումների թվի  կրճատումը՝ 3 ներարկման փոխարեն 2-ը, նաեւ հոգեբանական ազդեցություն կունենա:
Միաժամանակ, նախարարությունը վստահեցնում է, որ պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը եւ հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են եւ մշտապես գտնվում են ուշադրության առանցքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր