00:00:00

«Ես Նորատուսցի Կարենն եմ, ում ուզում եք՝ զանգեք…». միջադեպ Մարտունի-Գետափ ճանապարհին

00:10, 10 հունիս 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Օհանյանի գործով բերված վերաքննիչ բողոքը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ: Նախաքննական մարմինը 29-ամյա Կարեն Օհանյանին մեղադրանք էր առաջադրել որպես զենք գործածված առարկայի գործադրումով կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ Սահակ Ս.-ն իր մայրիկ Լալայի հետ «Գազելով» Երևանից ուղևորվել է Աստղաձոր: Մարտունի-Գետափ-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Երանոս գյուղի դիմաց, մեքենայի գազը սառել է: Սահակը մեքենան կանգնեցրել, զանգել է համագյուղացուն, որ օգնության հասնի: Նույն ժամանակ Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Օհանյանը «Մերսեդես» մեքենայով իր ընկեր Վահանի հետ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհով ընթացել է դեպի Վարդենիս: Սահակ Ս.-ի մեքենայի կայանման վայրի մոտ Կարեն Օհանյանի մեքենայի գազը վերջացել է: Նա նույնպես կանգնեցրել է մեքենան, մոտեցել է Սահակին, պահանջել է, որ նա քարշակելով իր մեքենան հասցնի մոտակա գազալցակայան: Սահակն ասել է, թե իր մեքենայի գազը սառել է, չի կարող քարշակել մեքենան, միաժամանակ ասել է, թե օգնության է սպասում իրենց գյուղից: Կարեն Օհանյանն առաջարկել է, որ Սահակը օգնության եկող համագյուղացուն զանգի ու ասի, որ նա հետը նաև բենզին բերի՝ իր մեքենայի համար, ինքը փողը կտա: Սահակը պատասխանել է, որ համագյուղացին հեռախոս չունի, չի կարող նրան զանգել: Կարենը վրդովվել է այս պատասխանից, արհամարհական ձևով փակել է Սահակի մեքենայի դուռն ու գնացել է դեպի իր մեքենան: Այդ ժամանակ Աստղաձոր գյուղի բնակիչ Վիրաբ Հ.-ն քրոջ ամուսնու՝ Արտյոմի և մոր՝ Ջուլիետայի հետ իր «Մերսեդեսով» ընթանում էր դեպի Աստղաձոր: Համագյուղացի Սահակի մեքենան տեսնելով՝ Վիրաբը կանգնեցրել է մեքենան, քրոջ ամուսնու հետ իջել, մոտեցել է Սահակի մեքենային ու հարցրել է՝ նա ինչո՞ւ է կանգնել ճանապարհին: Տեսնելով, որ Սահակի մեքենային երկու տղամարդ մոտեցավ, Կարեն Օհանյանը մտածել է, թե Սահակը մարդիկ է կանչել՝ «իր հետ հաշվեհարդար տեսնելու համար»: Կարեն Օհանյանը, ըստ մեղադրանքի, խախտել է հասարակական կարգը, խուլիգանական դրդումներով մոտեցել է Սահակին ու մյուսներին, հայհոյանքներ է հնչեցրել, բռունցքով հարվածել է Սահակի կրծքին: Երբ փորձել է մեկ անգամ էլ բռունցքով հարվածել Սահակին, Արտյոմը առաջ է գնացել, փորձել է խափանել նրա գործողությունը: Կարենը բռունցքով հարվածել է Արտյոմի աչքի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս: Այնուհետև Կարեն Օհանյանը, ըստ մեղադրանքի, շարունակել է խուլիգանական գործողությունները, հայհոյանքներ է տվել: Սահակի մայրը մոտեցել ու պահանջել է, որ Կարենը հեռանա, այլապես կզանգի ոստիկանություն: Կարենը ասել է. «Ես Նորատուսցի Կարենն եմ, ում ուզում եք՝ զանգեք»: Նա, ըստ մեղադրանքի, շարունակել է հայհոյել: Կարենին է մոտեցել նաև Վիրաբի մայր Ջուլիետան, խնդրել է, որ հեռանա: Բայց Կարենը նրան էլ չի լսել, իր ձեռիքն եղած, որպես զենք օգտագործված դանակով փորձել է բռնություն գործադրել Սահակի նկատմամբ, բայց դանակը դիպել է Վիրաբի մայր Ջուլիետայի կրծքավանդակի աջ կողմնային հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Ըստ մեղադրանքի՝ Սահակը ու մյուսները վախի ու զայրույթի զգացումներ են ունեցել, նստել են Վիրաբի «Մերսեդեսն» ու դիմել են փախուստի: Կարեն Օհանյանը, ըստ մեղադրանքի, ոտքով հարվածել է «Գազելի» առջևի ձախ լուսարձակի ապակուն, վնասել է այն՝ գույքային վնաս պատճառելով Սահակին: Դեպքի վայրից որոշ տարածություն անցնելուց հետո «Մերսեդեսում» գտնվողները տեսել են ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանների մեքենան: Սահակն ու մայրը մոտեցել են ոստիկաններին, տեղեկացրել են կատարվածի մասին և այն մասին, որ Նորատուսցի Կարենի մոտ դանակ կա: Նրանք ոստիկանական մեքենայով վերադարձել են Սահակի մեքենայի մոտ, որտեղ դեռևս գտնվում էր Կարեն Օհանյանը: Վերջինս, ըստ մեղադրանքի, ոստիկանների ներկայությամբ շարունակել է հայհոյել Սահակին ու նրա մորը: Ոստիկանները Կարենի ձեռքից վերցրել են դանակը, նրան հրավիրել են ոստիկանության բաժին: Կարեն Օհանյանը զենքի գործադրմամբ խուլիգանության համար իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, որ երբ Սահակին խնդրել է՝ օգնության եկողին զանգել ու ասել, որ հետը նաև բենզին բերի, Սահակը պատասխանել է, թե հեռախոս չունի, չի կարող զանգել, ինքը զայրացել է, քանի որ հիմա բոլորի մոտ էլ հեռախոս կա, այդ պատճառով զայրացած Սահակին ու նրա մորը, ով այդ ժամանակ սուրճ էր խմում, ասել է «Բարի ժամանց» ու «Գազելի» դուռը փակել է: Դուռը լավ չի փակվել, ինքը այն նորից է փակել: Գնացել, նստել է իր մեքենան: Հետո իջել է, որ մեքենա կանգնեցնի, խնդրի՝ օգնեն: «Մերսեդես» է եկել ու կանգնել, «Գազելում» գտնվողների ծանոթներն են իջել: Նրանց գալուց հետո «Գազելի» վարորդն իրեն ասել է. «Ա՛յ գյադա, էդ ի՞նչ ձևի էիր նոր գազ ու բենզին ուզում կամ «բարի ժամանց» ասում»: Նրա տոնն իրեն դուր չի եկել, իրար քաշքշել են, ինքը ոչ մեկին դիտավորյալ չի խփել , հնարավոր է՝ ձեռքով շարժում է արել, պատահաբար կպել է ինչ-որ մեկին: Կարենն ասել է, թե մոտը ընդամենը եղունգկտրիչ է եղել, գործով իրեղեն ապացույց ճանաչված դանակն իրենը չէ: Եղունգկտրիչն իրենից վերցնելիս ոչ մի փաստաթուղթ չի կազմվել, եղունգտրիչը չի փաթեթավորվել: Երբ ոստիկանները եկել են, ինքը եղունգկտրիչը տվել է նրանց: Իրեն տարել են ոստիկանություն, պահել են երկու ժամ, հետո տուն են ուղարկել… Տուժողները հետագայում նշել են, թե Կարեն Օհանյանի մոտ դանակ չեն տեսել, նա դիտավորյալ իրենցից ոչ մեկին հարվածներ չի հասցրել… Ջուլիետայի որդին ասել է, թե չգիտի՝ մայրն ինչպես է վնասվածք ստացել, հնարավոր է՝ դիպել է մեքենայի դռանը… Այս գործով իրեղեն ապացույց ճանաչված դանակը, դրա հետ կապված՝ տուժող Ջուլիետայի բաճկոնը ներկայացնելու, զննելու մասին արձանագրությունը, դատահետքաբանական-դատակենսաբանական, մանրաթելային ու սառը զենքի համալիր փորձաքննության եզրակացությունը ճանաչվել են անթույլատրելի ապացույց ու հանվել են ապացույցների շարքից: Հետևաբար, ըստ դատական ակտի, առկա չի եղել զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության հիմքը: Դատարանը եզրակացրել է, որ տուժող Ջուլիետայի ստացած վնասվածքի վերաբերյալ «կոնկրետ հիմնավորում չի ներկայացվել», բայց այնուամենայնիվ, Ջուլիետան մարմնական վնասվածք է ստացել Կարեն Օհանյանի գործողությունների արդյունքում: Դատարանը վերաորակել է Կարեն Օհանյանին մեղսագրված արարքը, զենքի գործադրմամբ խուլիգանությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, վերաորակել է որպես դիտավորությամբ տուժողի առողջությանը թեթև վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Կարեն Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով, դատապարտվել է տուգանքի՝ 60 հազար դրամի չափով: Նկատի առնելով, որ Կարեն Օհանյանը 2015 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 29-ը գտնվել է անազատության մեջ, դատարանը այդ ժամկետը հաշվակցել է նշանակված պատժին ու Կարեն Օհանյանին ազատել է պատժի կրումից: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր