00:00:00

Կանադայի հայոց թեմի առաջնորդը դատապարտում է Վեհափառ Հայրապետի նկատմամբ հայր Կորյունի անհնազանդ ընթացքը

03:42, 08 հունիս 2018

Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը դատապարտում է Վեհափառ Հայրապետի նկատմամբ հայր Կորյունի անհնազանդ ընթացքը։ Հայտարարության մեջ նշված է. «Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի ու իր համախոհների Ազգընտիր Վեհափառ Հայրապետի՝ մեր և իր Հոգևոր Հոր նկատմամբ բացապարզած ամբարտավան կեցվածքն ու անհնազանդ ընթացքը. «Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի»։ (Առակ. ԺԳ 1): Վերջիններս կարծես անտեղյակ են, որ Ազգընտիր Հովվապետին վատաբանելով՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հակառակորդների ջրաղացին են սպասարկում ՝ Ազգիս Հոգևոր անվտանգությունը թուլացնելով: Խորապես ցավում ենք, որ բոլորիս Մայր Սուրբ Եկեղեցու, Ով հիմնվել և նախախնամվում է մարդասեր Աստուծո կողմից, հոգևոր աստիճան ունեցող որոշ ապերախտ անձինք՝ իրենց շուրջ համախմբելով «ճշմարիտ հավատք ու եկեղեցասիրություն» ունեցող քաղաքացիների, այս օրերին իրենց ծնած և սնած Մոր հանդեպ ոտնձգություններ են իրականացնում : Մոռացել են՝ մի՞թե իրեն կամավոր ուխտը Մայր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռի և Իր գահակալի հանդեպ: Այս երևույթն այլ կերպ, քան ուխտադրժություն չի որակվում: Առավել վրդովեցուցիչ է սակայն այն, որ հանդես են գալիս Աստուծո և Իր արդարության անունից .«Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենայ. քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում»։ (Բ Կորնթ. Ժ 17-18): Այսուհանդերձ չեն էլ թաքցնում իրենց քաղաքական ենթատեքստը՝ մոռանալով. «Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ։ Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ» (Սղմ. ՃԺԷ 8-9): Դուք ե՞ք երկրի աղը (Մատթ. Ե 13), դուք ե՞ք բարի և հավատարիմ այն ծառան, որ քչի մեջ իր հավատարմությունն է փաստել (Մատթ. ԻԵ 21), արդյո՞ք փորձեցիք ամեն ինչ, Բարին ամուր պահելու համար (Ա Թեսաղ. Ե 21): Նախ Աստուծո Արքայությունն ու Նրա Արդարությանը հետամուտ պետք էր լինել: (Մատթ. Զ 33): «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» ( Բ Տիմ. Գ 16): Ուստի՝ «Ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ» ( Ժող. Ա 10) և «գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը» ( Մատթ. ԺԸ 7): «Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան»։ (Հռոմ Բ 1): Աստուծո մեզ թողած խաղաղությունն այս աշխարհի խաղաղության հետ քիչ առնչություն ունի (Յովհ ԺԴ 26), իսկ ձեր հետապնդածն երկրային մի բան է: Դուք, որ կարծում եք, հաստատ եք կանգնած, զգուշացեք սայթաքելուց։ (Ա Կորնթ. Ժ 12): Մի անգիտացեք . «Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։ (Յակ. Ա 14- 15): «Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է»։ (Յակ Ա 5-8): Մ՛ի արհամարեք Աստուծո բարության առատությունը, Իր ներողամտությունն ու համբերությունը, որ ձեզ համար ապաշխարության հրավեր է ( Հռոմ. Բ 4): Բացահայտե՛ք Վերնատուր Սիրուց մնացած ծվենները ձեր մեջ, որ Փրկիչ Տիրոջ հետևորդ լինելու հավակնությունը մեկընդմիշտ չկորցնեք: (Յովհ. ԺԳ 34-35)»։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող քաղաքացիները հունիսի 7-ին հանդիպել են կաթողիկոսի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրա խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները եկեղեցու ընթացակարգից դուրս պահանջ են ներկայացնում՝ իրենց սոցիալական- քաղաքացիական տրամաբանությունից ելնելով: «Եթե կլսեն հայրական հորդորները, եկեղեցու հորդորը, եպիսկոպոսաց դասի հորդորը, իրենք ապաշխարության միջոցով անդրադարձ կունենան և դա կլինի հանգուցալուծումը»,-ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ՝ անընդունելի համարելով կատարվածը: Նա նշեց, որ բողոքի ակցիային մասնակցում է մեկ աբեղա և երկու քահանա: «Բողոքի ակցիա կազմակերպելը մեր ժամանակակից սոցիալական-քաղաքացիական տրամաբանության մեջ է: Եկեղեցին ունի բոլոր հնարավոր հարթակները, որտեղ կարելի է խոսել բոլոր խնդիրներից, արծարծել, բարձրաձայնել, քննարկել հարցեր: Մարդիկ ազատ են արտահայտելու, և թող արտահայտեն, բայց մեր ասելիքն այն է, որ սա անընդունելի է: Պարզապես խնդրում և աղոթում եմ, որ Աստված իմաստություն տա իրենց գործելու, մտածելու և անդրադառնալու»,-հավելեց սրբազանը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած ցույցի մասնակիցներին հրավիրել է հունիսի 7-ին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալ իր ու եպիսկոպոսների հետ: Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ քահանաներ բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր