00:00:00

Արցախում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքի գործով ԱԱԾ պետի որդին մեկ ամսով կալանավորվել է. ՀԺ

02:35, 07 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

armtimes.com-ը գրում է. Արցախում օրեր առաջ տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքի գործով այսօր կալանավորումներ են տեղի ունեցել: Հունիսի 1-ին Արցախում քաղաքացիների եւ Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը մեծ հնչեղություն է ստացել: Ծեծկռտուքին հաջորդել էին Արցախում բողոքի ցույցերը՝ ուժայինների ղեկավարների հրաժարականների պահանջով: Այսօր Ացրախի դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին եւ Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Մխիթար եւ Սերգեյ Մուսայելյանները ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի եղբայրներն են: Ինչը մեր զրույցում այսօր հաստատեց նաեւ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Վերջինս մեր զրույցում նշեց, որ կալանավորվածների թվում մեկ ԱԱԾ աշխատակից կա: Նշենք, որ խոսքը Վարդան Ղարամյանի մասին է, որն ԱԱԾ արդեն նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին է: Արցախի դատախազության տարածած տեսանյութում Վարդան Ղարամյանը բաժանողի դերում է եղել չնայած դրան նրան մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Մեր հարցին ի պատասխան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ըստ քաղաքացիների նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է մեկ ամիս ժամկետով: Մեր հարցին, թե սա որեւէ բան նշանակո՞ւմ է, Արցախի ՄԻՊ-ը չպատասխանեց. «Դա նշանակում է, որ նախաքննական մարմինը անհրաժեշտ չի համարել դատարանից հայցել երկու ամիս ժամկետով կալանավորում, դա սովարաբար կարող է պայմանավորված լինել նախաքննությունը արագ ավարտելու մտադրությամբ, թեեւ պետք է նշեմ, որ դա որեւէ կերպ չի սահմանափակում նախաքննական մարմնին՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան»: Նշենք, որ ծեծկռտուքի հետեւանքով տուժած ԱԱԾ աշխատող Մհեր Մուսայելյանը, Դավիթ Հարությունյանը եւ Ալբերտ Ավետիսյանը դեռ բժշկական կենտրոնում են. հայտնի չէ նրանք գործի շրջանակում ինչ դատավարական կարգավիճակ ունեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր