00:00:00

Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ

18:45, 06 հունիս 2018 Իրավական

Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանա­դրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրեն­քին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին: Ի կատարումն Սահմանադրության նշված պահանջի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  սահ­մա­նադրական օրենքով սահմանվել է նշված գործընթացի կազմակերպման վեցամսյա ժամկետ: Այսինքն, օրենսդիրը դիտարկել է, որ համա­պա­տասխան գործընթացը կարող է տևել ընդհուպ մինչև վեց ամիս, և այդ ժամ­կետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորում­ներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Սակայն «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ  սահմանադրական օրենքով նախատեսվել են մեկամսյա և տասնօրյա ժամկետներ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաև անհրաժեշտության և ողջամտության հիմնավորումը մեր գնահատմամբ բացակայում է: Պետք է նկատել նաև, որ վեց ամիս ժամկետը ողջամիտ և տրա­մաբանական է նաև այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման և ընտրության գործընթացն ընդգրկում է երեք առան­ձին գործառույթ՝ երեք մարմնի կողմից: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի գործառույթները և դրա­նից բխող՝ դատավորի պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը, ինչպես նաև միջ­ազ­գային փորձում ընդունված մոտեցումները՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը չի կարող և չպետք է լինի նման սեղմ ժամկետներում՝ առանց պատշաճ ուսումնասիրման գործընթացի: Հակառակ մոտեցումն ինքնին կարող է խաթարել ողջ գործընթացի էությունը: Նման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի առաքելությունն ու գործառույթները, առավել քան ողջամիտ և տրամաբանական է վեցամսյա ժամկետի շրջանակներում դիտարկելը: Միաժամանակ  «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված խնդրո առարկա ժամկետները ոչ միայն ողջամտության խնդիր են առաջացնում, այլև, ինչպես նշվեց, Սահմանադրությանը համապատասխանության, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանվել են այն իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեին նշված մանրամասները, ինչը չէր կարող կատարվել «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այլ բացառապես «Սահմանա­դրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրեն­քով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով: Այս և համապատասխան դիմումում ներկայացված այլ հիմնավորումներից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորություններով՝ ես դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր