Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել ու հայկական հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը՝ ողջ վանական համալիրով, ուդիական են հռչակել, այս մասին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ամարասի վանքի եկեղեցին դեռ 4-րդ դարում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է արցախյան առաջին դպրոցը։
Բայց այս պատմական փաստերը, Աբրահամյանի խոսքով, որևէ կերպ չեն կաշկանդում ադրբեջանցիներին՝ խեղաթյուրելու պատմությունն ու սրբապղծելու հայկական հոգևոր ժառանգությունը:
«Այս ամենը հեշտորեն տրվում և մարսվում է գործող իշխանության ուրացման, սեփական ժողովրդի պատմությունն ու արժեհամակարգը դավաճանելու և Ադրբեջանին ամբողջապես հպատակվելու պայմաններում»,- նշել է նա։