00:00:00

Չորս տարվա ընթացքում ակտիվ հարկ վճարողների թիվն ավելացել է շուրջ 42 հազարով կամ 39%-ով. Վահե Հովհաննիսյան

15:03, 18 նոյեմբեր 2026 Տնտեսություն

ՀՀ Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Վահե Հովհաննիսյանն իր ելույթը սկսել է՝ անդրադառնալով նախարարության ստանձնած առաքելությանը՝ ստեղծել Հայաստանի բեկումնային զարգացումը սպասարկող նորարար ֆինանսական համակարգեր։ Նախարարն ընդգծել է, որ 2021-2025 թվականներին Հայաստանում արձանագրվել է միջինում 7.9% տնտեսական աճ, իսկ 2027 թվականին պետական բյուջեի ծախսերը 2021 թվականի համեմատ կրկնապատկվել են՝ հասնելով 4 տրլն դրամի։ Նախարարի գնահատմամբ՝ այս ցուցանիշները վկայում են, որ բեկումնային զարգացումն իրապես տեղի է ունեցել։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի առևտրային և ընթացիկ հաշվի պակասուրդների ֆինանսավորման ու արտաքին տնտեսական կայունության վերաբերյալ վերջին շրջանում հնչող հարցերին։ Այս համատեքստում նախարարը կարևորել է միջազգային պահուստների աճը, որոնք 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են շուրջ 7.2 մլրդ ԱՄՆ դոլարի՝ արձանագրելով պատմական առավելագույն մակարդակ։ Վահե Հովհաննիսյանն առանձնահատուկ ընդգծել է նաև Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին պարտավորությունների տեսակարար կշռի էական նվազումը։ Անդրադառնալով ընթացիկ հաշվի պակասուրդի դինամիկային՝ նախարարը նշել է, որ եթե 2010-2017 թվականներին այն միջինում կազմել է ՀՆԱ-ի 6.7%-ը, ապա 2018-2025 թվականներին՝ 5.1%-ը, իսկ 2021-2025 թվականներին՝ 4.5%-ը։ Նախարարի խոսքով՝ տնտեսական քաղաքականության տեսանկյունից կարևոր է ոչ միայն ներմուծման աճի կամ ընթացիկ հաշվի պակասուրդի մեծությունը, այլև այն, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվում այդ պակասուրդը, և ինչ է ստանում տնտեսությունը դրա դիմաց։

Անդրադառնալով հարկային քաղաքականությանը՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ չորս տարվա ընթացքում ակտիվ հարկ վճարողների թիվն ավելացել է շուրջ 42 հազարով կամ 39%-ով, ինչը վկայում է նաև հարկային բազայի ընդլայնման հնարավորությունների մասին։ Հարկային համակարգի կատարելագործման համատեքստում կարևորվել են հարկային օրենսդրության առանցքային փոփոխությունները տարին մեկ անգամ իրականացնելու կառուցակարգերը, ներդրումների հետգնման ժամկետների կրճատմանն ուղղված նախաձեռնությունը, միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմի բարձրացումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում հարկային արտոնությունների երկարաձգումը։ Նախարարն ընդգծել է, որ հարկային քաղաքականության նպատակն ավելի մեծ արժեք ստեղծող տնտեսություն ունենալն է՝ աշխատատեղերի թվի և արտադրողականության աճով, ավելի բարձր իրական եկամուտներով և արդար ու արդյունավետ հարկային համակարգով։

Ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի առաջնահերթությունները՝ Վահե Հովհաննիսյանն առանձնացրել է չորս հիմնական ուղղություն՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնումը, ընտանիքների եկամուտների աճն ու սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը, երկրի անվտանգության կարողությունների և տարածքային զարգացումը:

Խոսելով թվային հիմնական ցուցանիշների մասին` նախարարը նշել է, որ 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ Առողջապահության նախարարության գծով նախատեսվող ծախսերը կավելանան շուրջ 136 մլրդ դրամով։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնմանը զուգահեռ կշարունակվեն նաև դեռևս ապահովագրություն չունեցող անձանց բժշկական օգնության տրամադրմանն ուղղված պետական ծրագրերը։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության գծով ծախսերի աճը կկազմի շուրջ 91 մլրդ դրամ։ Կառավարության ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ կենսաթոշակառուների, նպաստ ստացող անձանց և Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները։

Պաշտպանության նախարարության գծով ծախսերը կավելանան շուրջ 53 մլրդ դրամով։ Ֆինանսավորումը կուղղվի երկրի պաշտպանական կարողությունների զարգացմանը, զինված ուժերի ապահովվածության և անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանը։

Տարածքային զարգացման շրջանակում ճանապարհային ցանցի բարելավման ծրագրին ուղղվող հատկացումները 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ կավելանան շուրջ 15 մլրդ դրամով։ Կշարունակվեն պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և պահպանման, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առանձին հատվածների կառուցման աշխատանքները։ Գյուղատնտեսության արդիականացմանը, սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովմանը և մասնակցային բյուջետավորմանն ուղղված ծրագրերը կնպաստեն համայնքների տնտեսական ներուժի իրացմանը:

Ամփոփելով ելույթը՝ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ ներկայացված բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծել խաղաղության օրակարգը։ Նախարարը միաժամանակ կարևորել է շարունակաբար փոփոխվող միջավայրի մարտահրավերներին համարժեք արձագանքելու կարողությունը։ Նրա խոսքով՝ մշտական փոփոխություններն ու տատանումները, դառնալով բնականոն միջավայրի մաս, այսուհետ պահանջում են ճկունություն, զգոնություն և շարունակական ինքնակատարելագործում, առանց որոնց հնարավոր չէ հաջողության հասնել ո՛չ տեղական, ո՛չ միջազգային մակարդակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր