Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Yerevan Place Hotel»-ում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 3 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Մելքումյանը և Գոռ Հովհաննիսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, հրդեհն էլ գազից չի առաջացել, քանի որ գազի արտահոսք չի եղել։
Այս պահին ճշտվում է հրդեհի հետևանքով հասցված վնասի չափը։