00:00:00

Մեր դիրքորոշումը հստակ է՝ հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի. FAF-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին

16:01, 03 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին Հայկական Ճակատ» ֆան շարժումը հայերենի իմացության պահանջի պահպանման և առաջարկվող փոփոխությունների հրապարակային հիմնավորման վերաբերյալ բաց նամակով դիմել է ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին։

«Նոյեմբերի 4-ին նախատեսվող ՀՖՖ արտահերթ ժողովին ընդառաջ մեր մտահոգությունն ենք հայտնում կանոնադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ։ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջարկվում է ՀՖՖ նախագահի թեկնածուի համար վերացնել հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։

Մեր դիրքորոշումը հստակ է․ հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի։

Մեր համոզմամբ՝ այն ձևական պայման չէ։ ՀՖՖ ղեկավարի համար կարևոր է անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու մասնակցել մասնագիտական քննարկումներին։

ՀՖՖ կանոնադրության 10-րդ հոդվածով ֆեդերացիայի և նրա ժողովի պաշտոնական լեզուն հայերենն է, իսկ փաստաթղթերի հայերեն տեքստը գերակայում է այլալեզու տարբերակների նկատմամբ։

Մենք կարևորում ենք միջազգային փորձն ու կապերը։ Սակայն չենք կարծում, որ դրանք պետք է հակադրվեն հայերենի իմացությանը և հայկական ֆուտբոլային հանրության հետ անմիջական կապին։

Մեզ մտահոգում է նաև այն, որ թեկնածուներին ներկայացվող պահանջների փոփոխությունն առաջարկվում է նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Նման որոշումը պետք է հիմնավորվի ֆեդերացիայի երկարաժամկետ կարիքներով և ներկայացվի բաց քննարկման։

ՀՖՖ-ն հրապարակել է արտահերթ ժողով հրավիրելու դիմումին միացած անդամների ցանկը։ Սակայն մեզ համար կարևոր է որպեսզի պարզաբանվի նաև փոփոխության նախագծի մշակման և պաշտոնական ներկայացման ընթացքը։

Ուստի պահանջում ենք հրապարակային և բովանդակային պատասխաններ հետևյալ հարցերին․

1. Ո՞վ է մշակել փոփոխության նախագիծը, և ո՞ր անդամը կամ մարմինն է այն պաշտոնապես ներկայացրել ՀՖՖ քարտուղարությանը։ Պահանջում ենք հրապարակել ներկայացված առաջարկն ու դրան կից բացատրագիրը։

2. Ի՞նչ խնդիր է լուծելու հայերենի իմացության պահանջի վերացումը։ Ի՞նչ գնահատումների կամ մասնագիտական եզրակացությունների հիման վրա է այն առաջարկվել, և ինչպե՞ս է նպաստելու ֆեդերացիայի արդյունավետ կառավարմանը։

3. Ինչո՞ւ է փոփոխությունն առաջարկվում հենց ընտրություններին ընդառաջ։

4. Ո՞ւմ հետ և ե՞րբ է քննարկվել առաջարկը։ Խնդրում ենք ներկայացնել ՀՖՖ և գործկոմի անդամներից, մարզիչներից, ֆուտբոլիստներից և այլ մասնագետներից ստացված կարծիքներն ու առաջարկությունները, ինչպես նաև պարզաբանել, թե դրանք ինչպես են հաշվի առնվել։

ՀՖՖ կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է փոփոխության առաջարկը գրավոր ներկայացնել՝ կից բացատրագրով։

Պահանջում ենք մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 18։00-ն, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակել փոփոխության ամբողջական նախագիծը, բացատրագիրը, պաշտոնապես ներկայացրած անդամի կամ մարմնի անվանումը և վերոնշյալ հարցերի պատասխանները։

ՀՖՖ անդամ կազմակերպություններին և ժողովի պատվիրակներին կոչ ենք անում պահպանել հայերենին տիրապետելու պահանջը և չաջակցել դրա վերացմանը։

Միաժամանակ, մինչև հարցերի հրապարակային պարզաբանումն ու բովանդակային քննարկումը, կոչ ենք անում սահմանված ընթացակարգով հետաձգել տվյալ փոփոխության վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։

Մենք չենք կանխորոշում նախաձեռնության հեղինակների շարժառիթները։ Բայց ակնկալում ենք, որ ընտրություններին մասնակցելու պայմանների յուրաքանչյուր փոփոխություն հիմնավորվի ֆուտբոլի զարգացման կարիքներով և նույն սկզբունքներով կիրառվի բոլորի նկատմամբ։

ՀՖՖ կանոնադրությունը պետք է ծառայի հայկական ֆուտբոլի երկարաժամկետ շահերին՝ անկախ թեկնածուների անուններից»,- ասվում է նամակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր