00:00:00

Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում առերևույթ հանցագործությունների փաստերով 5 քրեական գործ է հարուցվել

19:58, 05 հունիս 2018 Իրավական

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից պետք է հաշվի առնվեին երինջների պահպանման անասնաբուժասանիտարական և տեխնոլոգիական պայմանները, շահառուների ֆինանսական հնարավորությունները: Մինչդեռ, հայտերը բավարարելիս մի շարք դեպքերում հաշվի չեն առնվել ինչպես վերը վկայակոչած պայմանները, այնպես էլ չեն կիրառվել շահառուների հետ կնքված պայմանագրերով նախատեսված հսկողական մեխանիզմները: Դրա հետևանքով ծրագրում ընդգրկված շահառուներին հատկացված տոհմային երինջների գլխաքանակը ստուգումների ժամանակ կամ ընդհանրապես առկա չի եղել, կամ բաշխված քանակից զգալի պակաս է եղել: Ուսումնասիրության շրջանակներում 7 շահառուներին շուրջ 226 միլիոն ՀՀ դրամի 191 գլուխ տոհմային երինջների բաշխման վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել էին տարածքային դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու և հնարավոր հափշտակության և պաշտոնեական հանցագործության առկայության հարցը պարզելու նպատակով: Արդյունքում Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի դատախազություններ ուղարկված տվյալներով արդեն իսկ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի (խարդախության) և 315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական անփութության) հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական ստորաբաժանումների կողմից: Իսկ Գեղարքունիքի մարզի դատախազություն ուղարկված 2 շահառուների տվյալներով նախապատրաստվում են նյութեր: ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է հարուցված քրեական գործերի բազմակողմանի, լրիվ, օբեյկտիվ քննությունն ապահովելու շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործությունների բոլոր դեպքերով կոռուպցոն սխեմաների առկայությունը պարզելու ուղղությամբ, այդ թվում նաև ծրագրում շահառուների իրական ներգրավվածությունը, պատասխանատու պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնությունների միջոցով պետական միջոցների փոշիացման մեխանիզմերը: Հանձնարարվել է նաև պարզել հանցավոր դրսևորումներում ներգրավված՝ ծրագրի իրականացման համար պատասխաատվություն կրող պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր