00:00:00

Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»

08:46, 17 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 15-ի նիստում ՀՀ կառավարության ընդունած որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին, դուրս է գալիս սովորական տնտեսական կամ իրավական կարգավորման շրջանակներից: Գործադիրը, հղում անելով ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգությանն ու քաղաքացիների՝ անխափան ծառայություններ ստանալու սահմանադրական իրավունքին, փաստացի մեկնարկեց խոշորագույն մասնավոր ակտիվի վերաբաշխման նոր փուլ:

Մինչ պաշտոնական հիմնավորումները փաթեթավորվում են անվտանգային բարձրագոչ լոզունգներով, իրականում տեղի ունեցողը ստեղծում է իրավական ու քաղաքական վտանգավոր նախադեպ: Հայաստանյան իրավակիրառ պրակտիկայում «հանրային գերակա շահ» հասկացությունը մշտապես ծառայել է որոշակի անշարժ գույքի կամ տարածքների օտարման համար՝ պետական կամ համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելու նպատակով: Ամբողջական բաժնետիրական ընկերության, այն էլ երկրի խոշորագույն գործատուներից ու հարկատուներից մեկի 100 % բաժնետոմսերն այս գործիքակազմով վերցնելը ոչ միայն հարցականի տակ է դնում սեփականության անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը, այլև ուղիղ ազդակ է հղում բիզնես միջավայրին:

Այս գործընթացը խորքային հարված է հասցնում երկրի ներդրումային գրավչությանը: Ցանկացած խոշոր կապիտալ, լինի տեղական թե արտասահմանյան, առաջնորդվում է կանխատեսելիության և իրավական պաշտպանվածության կանոններով: Երբ պետական ապարատը ցանկացած պահի կարող է վարչական լծակներով դադարեցնել լիցենզիան, իսկ հետո «գերակա շահի» մեխանիզմով սեփականազրկել ընկերությունը, շուկայում ձևավորվում է անվստահության այնպիսի մթնոլորտ, որի հետևանքները տարիներով հնարավոր չի լինի հաղթահարել:

Խնդրի մյուս կողմը միջազգային իրավական ու ֆինանսական ռիսկերն են: Միջազգային արբիտրաժային դատարաններում նմանօրինակ գործընթացները տարիներ են տևում և, որպես կանոն, պետությունների համար ավարտվում են հսկայական ֆինանսական կորուստներով: Արդյունքում՝ քաղաքական որոշումների կայացման պահին առաջնորդվող կարճաժամկետ շահերը հետագայում կարող են ծանրագույն ֆինանսական բեռ դառնալ պետական բյուջեի և հարկատուների համար:

Ակնհայտ է, որ կառավարությունն այս քայլով ոչ թե էներգետիկ անվտանգությունն է ապահովում, այլ սեփական քաղաքական կամակորություններն է սպասարկում՝ երկրի տնտեսությունը կանգնեցնելով աղետի առջև։ Սեփականության իրավունքն ու օրենքի գերակայությունը ոտնահարող, ներդրումային միջավայրը հողին հավասարեցնող այս ավանտյուրայի ամբողջ ծանրությունն ի վերջո ընկնելու է հենց քաղաքացիների ու պետական բյուջեի ուսերին, իսկ իշխանության անպատասխանատու որոշումների ֆինանսական ու քաղաքական հաշիվը ստիպված են լինելու վճարել բոլորը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր