00:00:00

Հռոմի պապ Լևոն XIV-ը Ֆրանսիայում զգուշացրել է ԱԲ-ի ռիսկերի և միջազգային կառույցների ճգնաժամի մասին

21:44, 25 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Հռոմի պապ Լևոն XIV-ը Ֆրանսիա կատարած քառօրյա այցի ընթացքում անդրադարձել է արհեստական բանականության զարգացման ռիսկերին, միջազգային դիվանագիտության խնդիրներին և կաթոլիկ եկեղեցում սեռական բռնության դեպքերի հետևանքներին, գրում է Reuters-ը։

Փարիզում՝ UNESCO-ի կենտրոնակայանում ունեցած ելույթում, Հռոմի պապը հայտարարել է, որ ՄԱԿ-ը և մյուս բազմակողմ միջազգային կառույցները բախվում են արդյունավետության ճգնաժամի։ Նրա խոսքով՝ միջազգային երկխոսությունը գնալով ավելի հաճախ ընկալվում է ոչ թե որպես խաղաղության հասնելու միջոց, այլ որպես գործողություններին խոչընդոտող գործընթաց։

Լևոն XIV-ը նաև քննադատել է այն մոտեցումը, երբ իշխանություն ունեցողները օրենքին դիմում են միայն այն դեպքում, երբ այն ծառայում է իրենց շահերին, իսկ սահմանափակումների դեպքում անտեսում են այն։ Նա կոնկրետ երկրների կամ առաջնորդների անուններ չի նշել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Ելիսեյան պալատում ունեցած ելույթում պապը հատուկ ուշադրություն է դարձրել արհեստական բանականության զարգացմանը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ուղեկցվի էթիկական չափանիշներով, որպեսզի մարդը չկորցնի վերահսկողությունն արագ զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ։

Լևոն XIV-ը, որն իր պապական ծառայության ընթացքում բազմիցս խոսել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասին, կոչ է արել ԱԲ-ի զարգացումը դիտարկել մարդու արժանապատվության, հասարակական համերաշխության և պատասխանատվության տեսանկյունից։

Այցի ընթացքում Հռոմի պապը եղել է նաև Փարիզի Աստվածամոր տաճարում։ Սա Հռոմի պապի առաջին այցն էր վերականգնված Նոտր Դամ՝ 2019 թվականի ավերիչ հրդեհից հետո։ Նա նշել է, որ տաճարի վերականգնումը դարձել է հավաքական ջանքերի և մշակութային շարունակականության խորհրդանիշ։

Լևոն XIV-ի այցի կարևոր թեմաներից է նաև Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի հարցը։ 2021 թվականին հրապարակված անկախ հետաքննության համաձայն՝ 1950-2020 թվականներին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել շուրջ 330 հազար երեխա։

Ֆրանսիական եկեղեցական կառույցները հետագայում սահմանել են փոխհատուցման և պաշտպանության նոր մեխանիզմներ, սակայն տուժածների ներկայացուցիչները շարունակում են պահանջել ավելի մեծ հաշվետվողականություն և համակարգային փոփոխություններ։

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում նախատեսվում է նաև Հռոմի պապի հանդիպումը բռնության ենթարկված անձանց հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր