Սեպտեմբերի 27-ից կմեկնարկի «Կամուրջներ դեպի ապագա» («Мосты в будущее») մրցանակի հայտերի ընդունումը, որը ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ընտանիքի նախաձեռնությամբ։ Ծրագիրը շարունակությունն է նրանց՝ բարեգործության, կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող երկարամյա գործունեության։
Մրցանակին կարող են դիմել Ռուսաստանում գործող ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց նախագծերը գործում են երկուից յոթ տարի։ Հայտերը կընդունվեն երեք անվանակարգերում՝ բարեգործություն, կրթություն և մշակույթ։
Մրցանակակիրները «Ռուբիկոն ժամանակի» հիմնադրամից կստանան մինչև 10 մլն ռուբլի ֆինանսական աջակցություն՝ իրենց նախաձեռնությունների զարգացման համար։ Բացի դրանից, նրանց կտրամադրվի փորձագիտական և մենթորական աջակցություն, ինչպես նաև հնարավորություն՝ ներկայացնելու իրենց գաղափարները հնարավոր գործընկերներին և աջակիցներին։
Աջակցություն նախատեսված է նաև մրցանակի կարճ ցուցակում ընդգրկված նախագծերի համար։ Դրանք կստանան մեկ տարվա տեղեկատվական աջակցություն, թեմատիկ մենթորական հանդիպումներ և հնարավորություն՝ մասնակցելու մասնագիտական միջոցառումների ու փորձի փոխանակման ծրագրերի։
Նախագծերի գնահատման հիմնական չափանիշներն են լինելու թիմի հետևողականությունը, նախագծի կայունությունն ու կենսունակությունը, ինչպես նաև հասարակության առջև ծառացած խնդիրներին արձագանքելու կարողությունը։
Մրցանակի կարճ ցուցակը նախատեսվում է հրապարակել 2027 թվականի ապրիլին, իսկ առաջին մրցանակակիրների անունները կհայտարարվեն մայիսի 25-ին՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը։
2026 թվականի մրցանակաբաշխության ժյուրիում ընդգրկված են կրթության, մշակույթի, գիտության և բարեգործության ոլորտների ներկայացուցիչներ։
Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը։