00:00:00

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ

14:24, 25 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են կատարել Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս՝ ներկայացված հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների, այդ թվում՝ այն զինծառայողի հետ, որի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ դեպքի հանգամանքների և զինծառայողի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։ Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Պաշտպանը վերահաստատել է, որ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է։ Նրա խոսքով՝ նման դեպքերի մասին յուրաքանչյուր տեղեկություն պետք է պատշաճ արձագանք ստանա, իսկ հանգամանքները՝ բազմակողմանի քննության ենթարկվեն։

Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պահանջում է նման դեպքերով իրականացնել պատշաճ ներքին ուսումնասիրություն, իսկ հիմքերի առկայության դեպքում՝ նաև բազմակողմանի և արդյունավետ քննություն քրեական վարույթի շրջանակում։ ՄԻՊ-ի գնահատմամբ՝ վատ վերաբերմունքի կանխարգելման համար կարևոր են դեպքերի պատշաճ քննությունը, պատասխանատվության անխուսափելիությունը և արդյունքների վերաբերյալ հանրային հաշվետվողականությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր