«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանում օնլայն խաղերի «ինքնարգելափակման» համակարգի գործարկումից երեք ամիս անց չլիցենզավորված խաղային հարթակների նկատմամբ հետաքրքրության աճը նոր հարցեր է առաջացնում։ Եթե հունվարին նման հարթակներ այցելությունների թիվը կազմել է 287.5 հազար, ապա հուլիսի վերջին՝ ներդրումից հետո, արդեն 808.7 հազար՝ արձանագրելով գրեթե եռակի աճ։ Արդյո՞ք ինքնարգելափակումը նվազեցնում է խաղային ակտիվությունը, թե՞ դրա մի մասը պարզապես տեղափոխվում է լիցենզավորված դաշտից դուրս։ Սահմանափակումները գործում են լիցենզավորված օպերատորների համար, մինչդեռ չլիցենզավորված հարթակները շարունակում են հասանելի մնալ, ինքնարգելափակված խաղացողը կարող է շարունակել խաղալ, ստացվում է, որ համակարգը չի հասնում իր նպատակին՝ խաղացողի պաշտպանությանը։
Խնդիրը չի սահմանափակվում միայն հասանելիությամբ։ Չլիցենզավորված խաղային հարթակների գովազդը գնալով ավելի տեսանելի է դառնում սոցիալական ցանցերում: Շարունակում են խաղալու համար հասանելի լինել հայկական բանկային քարտերով վճարումները։ Այս պայմաններում հարց է առաջանում․ ինչպե՞ս է հնարավոր ապահովել ինքնարգելափակման արդյունավետությունը, եթե լիցենզավորված շուկայից դուրս խաղային հարթակները շարունակում են գովազդվել, հասանելի մնալ եւ ընդունել վճարումներ։ Ի՞նչ արդյունք են տվել ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունները երեք ամիս անց։ Ի՞նչ է շահել խաղացողը, ի՞նչ է շահել պետությունը, եւ ո՞վ է իրականում շահում, երբ խաղացողը լիցենզավորված ու վերահսկվող հարթակից տեղափոխվում է խաղային սեւ շուկա։