«Ռուսաստանը Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին դիմում չի ստացել»,– հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է, որ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում, սակայն Մոսկվան դրա իրական այլընտրանք դեռևս չի տեսնում։
Ռուս դիվանագետը դժվար է պատկերացրել այս դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորներին՝ թեկուզ Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի պնդմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շարունակությունը, այդ թվում՝ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակում։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է զինվորականներին դուրս բերել Հայաստանից, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի հենց Մոսկվան։
Գալուզինի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի հետ անվիզա ռեժիմի կոնկրետ ժամկետը հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս հանրապետության «եվրոպական ապագայի» մասին Բրյուսելի խոստումների պատրանքային լինելը։