Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շարունակվող կարգավորումը Հարավային Կովկասում կարևոր դրական զարգացում է, իսկ ավելի կայուն խաղաղությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, հաղորդակցությունների զարգացմանն ու առևտրատրանսպորտային նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս մասին նշվում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության գնահատականում, հայտնում է Կենտրոնական բանկը։
Moody’s-ի գնահատմամբ՝ վերջին շրջանում նվազել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական բախման հավանականությունը, ինչը դրական ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի վարկային ռիսկերի գնահատման վրա։ Հուլիսի 28-ին գործակալությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխել էր «դրականի»՝ պահպանելով Ba3 վարկանիշը։
Գործակալությունում ընդգծել են, որ հարաբերությունների առավել ամուր կարգավորումը կարող է բարելավել տարածաշրջանի փոխկապակցվածությունը և նպաստել Հարավային Կովկասում առևտրային ու տրանսպորտային կապերի ընդլայնմանը։ Միաժամանակ Moody’s-ը զգուշացնում է, որ խաղաղության գործընթացի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հետ կապված ռիսկերը դեռ պահպանվում են, իսկ առաջընթացի երկարաժամկետ կայունությունը դեռ պետք է հաստատվի։