00:00:00

Իրանը և ԱՄԷ-ն մտադիր են «թողնել անցյալը հետևում». Փեզեշքիան

20:52, 13 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նյու Դելիում Աբու Դաբիի թագաժառանգ Խալեդ բին Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են զարգացնել իրենց հարաբերությունները։

«Այս հանդիպմանը մենք արդյունավետ զրույց ունեցանք առկա խնդիրների և մտահոգությունների վերաբերյալ։ Մենք պայմանավորվեցինք թողնել անցյալը, նայել ապագային և փոխըմբռնման հասնել այն հարցում, թե ինչպես կարող ենք կառուցել այն համատեղ ջանքերով»,- ասել է Փեզեշքիանը՝ Նյու Դելիում կայացած BRICS-ի գագաթնաժողովին իր այցից հետո։

Նրա խոսքով՝ կողմերն այնուհետև շարունակել են բանակցությունները արտաքին գործերի նախարարների մակարդակով, ինչը հանգեցրել է «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արդյունավետ համագործակցության»։

Ըստ Փեզեշքիանի՝ Իրանը «ԱՄԷ-ի հետ որևէ խնդիր չունի։ Մենք խնդիր չունենք տարածաշրջանի որևէ երկրի հետ։ Մենք խնդիր ունենք այդ երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմակայանների հետ, որոնցից հարձակումներ են իրականացվում մեր երկրի դեմ։ ԱՄԷ-ն, էմիրաթցիները և տարածաշրջանի մյուս երկրները մեր եղբայրներն են։ Մենք երկար ժամանակ կողք կողքի ապրել և առևտուր ենք արել միմյանց հետ։ Մենք սատարել ենք միմյանց»։

«Ներկայումս մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ և կարող ենք ընդլայնել դրանք. նույնը վերաբերում է նաև այլ երկրներին։ Մենք կցանկանայինք անկեղծ հարաբերություններ ունենալ նրանց բոլորի հետ։ Սակայն հենց ԱՄՆ-ն է, որ չի ցանկանում դա։ Պատճառն այն է, որ նրանք ցանկանում են շահագործել տարածաշրջանի նավթային պաշարները՝ միաժամանակ զենք ու հրթիռներ վաճառելով տարածաշրջանի երկրներին, որպեսզի վախեցնեն մեզ միմյանցով և հակադրեն իրար։ Նրանք շահագործում են տարածաշրջանի կապիտալը և խաթարում խաղաղությունն ու կայունությունը», — կարծում է Իրանի նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր