Տրանսպորտի երթևեկելի գոտիները մեզ համար պետք է լինեն առաջնահերթ: Այս մասին գործակարգավարական նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուզում եմ հստակ արձանագրել այն խնդիրները, որ մեզ համար գերակա են՝ ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրները, գնալով աճող մարդատար մեքենաների քանակը, տարատեսակ հատվածներում այդ մեքենաների ապօրին կանգառներն են»,- նշել է նա:
Նա շեշտել է, որ մինչև հանրային տրանսպորտի կանգառների վերադասավորումը, պետք է հասկանալ՝ այդ կանգառներից ինչպես են դուրս բերվելու կայանված մեքենաները, «որ մեր հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի»։
«Շատ դեպքերում հանրային տրանսպորտում արձանագրում ենք, որ ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ՝ ունենք ընդհանուր առմամբ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, ինչը բերում է կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածությանն ու հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը։ Հետևապես, տրանսպորտի երթևեկելի գոտիները մեզ համար պետք է լինեն առաջնահերթ»,- ասել է նա։