Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի՞: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, և նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց»:
Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին. «Ինչու այդ մասին չէր կարելի հայտարարել հենց ռուսերենով, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փաշինյանը Բիշքեկում «ՇՀԿ+»-ի նիստում առաջին անգամ ելույթ է ունեցել հայերենով, մինչդեռ նախկինում նման միջազգային միջոցառումներում օգտագործում էր ռուսերենը։ Նա ԱՊՀ երկրների առաջնորդներից միակն էր, որը գագաթնաժողովում ելույթ ունեցավ ոչ ռուսերենով։
Հիշեցնենք,որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «տարօրինակ» էր անվանել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը՝ միաժամանակ նշելով, որ հայերենը Հայաստանի պետական լեզուն է։