Երևանի Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի մարզիչ Սմբատ Սահակյանին աշխատանքից ազատում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ լուսանկարի հրապարակման համար։ Այս մասին մարզիչը հայտնել է լրագրող Սյուզի Բադոյանի հետ զրույցում։
Ս. Սահակյանի խոսքով, Լևոն Քոչարյանի հետ նկարվել է սպորտային միջոցառման ընթացքում հուլիսի 16-ին, լուսանկարը հրապարակել է սոցցանցի իր էջի սթորի բաժնում, ինչից հետո դպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը կանչել է դպրոցում արդեն վեց տարի աշխատող ուսուցչին ու հարցրել «Դրա հետ նկարը խի՞ ես դրել, երևի գաս՝ դիմումդ գրես»։
Հուլիսի 21-ին տնօրենը կանչել է Սահակյանին իր սենյակ, սպառնացել, եթե դիմում չգրես, կյանքդ դժոխքի կվերածենք։ Բայց մինչ իր աշխատասենյակ մտնելը տնօրենն ասել է, հեռախոսները թողնեն սենյակից դուրս։
«Ես հրաժարվել եմ դիմում գրելուց, միակ պատճառը քաղաքական է»,-նշում է Սմբատ Սահակյանը՝ նշելով, որ աշխատավայրում իրավիճակը լարված է։