Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է դատարանի՝ իր կալանքը ևս երկու ամսով երկարացնելու որոշմանը։ Կենտրոն ՔԿՀ-ից հրապարակած գրառման մեջ նա նշել է, որ ազատությունն իր համար առաջին հերթին ընտանիքի, ընկերների և թիմակիցների հետ շփվելու, աշխատելու և մարդկանց օգտակար լինելու հնարավորությունն է։
«Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։ Որոշեց՝ որոշեց»,– գրել է Ծառուկյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը։
Նրա խոսքով՝ ազատությունը նաև ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ շփվելը, իսկ երեկոյան՝ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ երկրի խնդիրների և այլ թեմաների շուրջ զրուցելը։
«Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է»,– նշել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ այժմ ինքը զրկված է այդ հնարավորություններից, սակայն համոզված է, որ այս շրջանն անցողիկ է։
«Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր․ «Սա էլ կանցնի»։ Իհարկե կանցնի»,– գրել է նա։
Ծառուկյանը նշել է, որ ապագայում ցանկանում է շարունակել իր գործունեությունը, նոր գաղափարներ կյանքի կոչել, պատասխանել օգնության դիմումներին և ավելի հանդարտ պայմաններում անդրադառնալ վերջին շրջանում երկրում տեղի ունեցող գործընթացներին։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՔԿՀ-ում անցկացրած ժամանակը կորած չի համարում։
«Այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ»,– գրել է Ծառուկյանը։
Գրառման վերջում նա շնորհակալություն է հայտնել հասարակական գործիչներին, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, իր թիմակիցներին և իրեն անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի մոտ էին կամ աջակցում էին իրեն։
«Ոչինչ չի մոռացվում»,– եզրափակել է նա։
Գրառումը հրապարակվել է Կենտրոն ՔԿՀ-ից՝ 2026 թվականի սեպտեմբերի 5-ին։