«Ըմբոստ հարևանին կոնյակի արգելքով պատժելու» Կրեմլի մեթոդն այլևս չի գործում։ Այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության հրապարակման մեջ, որը կրում է «Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է. Հայաստանը վերջապես երես թեքեց Մոսկվայից և շրջվեց դեպի Եվրոպա» խորագիրը:
Հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է. «Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում էր որպես Հարավային Կովկասում իր ֆորպոստ ու գրպանի գործընկեր, սակայն «հայկական ընտրություններին միջամտելու» հերթական ձախողված գործողությունից հետո Ռուսաստանը վերջնականապես կորցնում է տարածաշրջանում իր ազդեցությունը։ Ռուսամետ ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին խորհրդարանական ընտրություններում, և սպասվող հնազանդ ներողությունների փոխարեն Կրեմլը Նիկոլ Փաշինյանից ստացավ կոշտ տարանջատումներ ու դեպի Արևմուտք շրջադարձ։
Ի պատասխան հայ ժողովրդի ընտրության՝ «Ռոսպոտրեբնադզորն», ինչպես և սպասվում էր, «հանկարծակի» սպառնալիք հայտնաբերեց ծիրանի, բալի, ձկան, «Ջերմուկ» հանքային ջրի և հայկական կոնյակի մեջ։ Առևտրային այս լայնամասշտաբ սահմանափակումները, որոնք նպատակ ունեին պարալիզացնել Հայաստանը բերքահավաքի շեմին, պետք է սաստկացնեին ՀՀ-ի վիճակը։ Սակայն Կրեմլում մոռացել էին, որ մենք այլևս 1990-ականներում չենք, և տնտեսական փլուզման ու զղջման փոխարեն Մոսկվան ստացավ բացահայտ ծաղր․ Փաշինյանն իսկական հեգնանքով «շնորհակալություն հայտնեց» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերներին՝ առևտրային այլընտրանքներ փնտրելու իրավունքը ճանաչելու համար, և ուղղակիորեն հայտարարեց, որ եթե միությունը պարալիզացվի Ռուսաստանի քմահաճույքների պատճառով, դա կանշանավորի «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։
Տարածաշրջանում Մոսկվայի գլխավոր խաղաթուղթն օգտագործվել էր դեռևս 2023 թվականի աշնանը։ Տարիներ շարունակ Կրեմլը Երևանին ու Բաքվին «կարթի վրա» էր պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջոցով։ Սակայն, երբ Ադրբեջանը երկու օրում վերականգնեց Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը, ռուս «խաղաղապահները» սոսկ վիճակագրի դերում էին և ժամկետից շուտ ամոթալիորեն լքեցին տարածաշրջանը։ Այս ֆիասկոն ավելի խորացավ ռազմական պարտավորությունների չկատարմամբ. երբ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին առաջխաղացում ունեցավ Հայաստանի տարածքում, ՀԱՊԿ-ը, օգնություն ցուցաբերելու փոխարեն, առաջարկեց «լուծել սահմանային հարցը»։ Նման «պաշտպանությունից» հետո Ռուսաստանի նկատմամբ վստահության վարկանիշը Հայաստանում իջավ ամենացածր մակարդակի՝ հասնելով պատմության մեջ ցնցող ցածր ցուցանիշների։
Գիտակցելով, որ իր անվանական «դաշնակիցը» ընդունակ է միայն մանիպուլյացիաների, Երևանը 180 աստիճանի շրջադարձ կատարեց։ Քանի դեռ Ռուսաստանն արգելափակում էր ծիրանի ներկրումը, Բրյուսելը բացեց իր շուկաները և տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացրեց։ Հարավային Կովկասի վերահսկողության հարցում Մոսկվայի մենաշնորհը պաշտոնապես հասցվել է զրոյի։
Կրեմլի շանտաժի վերջին տակտիկաները, ինչպիսիք են գազի գնի բարձրացման սպառնալիքները կամ Երևանի ենթակառուցվածքների միջոցով ճնշում գործադրելը, նույնպես պատրաստ են չեզոքացվելու։ Փաշինյանն ակնարկել է, որ եթե Մոսկվան որոշի բարձրացնել գները, Հայաստանը կբարձրացնի 102-րդ ռուսական ռազմաբազայի և երկաթուղային ցանցերի հարցը, որոնց շահագործման և սպասարկման համար ռուսներին այժմ կարող են 2 միլիարդ դոլարի հաշիվ ներկայացնել։ Այսպիսով, ֆինանսական ճնշման ցանկացած փորձ Ռուսաստանի համար ավելի մեծ կորուստների կհանգեցնի։
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և Թուրքիայի հետ սահմանների բացման ֆոնին Երևանն ի վերջո հողը հանում է Մոսկվայի ոտքերի տակից՝ զրկելով նրան ազդեցության որևէ լծակից։ Եվ Կրեմլի աշխարհաքաղաքական պարտության վերջին ակորդը դարձավ Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի հայտարարած որոշումը»: