00:00:00

Քրիստոնյայի իրական ուժը այն չէ, որ նա երբեք չի տառապում, այլ այն, որ տառապանքի մեջ անգամ չի դադարում սիրել, հավատալ և հույս ունենալ. Տեր Հեթում

17:28, 31 օգոստոս 2026 Հասարակություն

Այսօր Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Ստեփանոս Ուլնեցուն և սուրբ վկաներ Գոհարինեին, Ծամիդեսին, Տուքիկոսին և Ռատիկոսին։

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ նրանց կյանքը մեզ հիշեցնում է մի ճշմարտություն, որը հաճախ մոռանում ենք․ քրիստոնեական հավատքը միայն խոստովանվող համոզմունք չէ, այլ այն ճանապարհն է, որի վրա մարդը պատրաստ է հավատարիմ մնալ Աստծուն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այդ հավատարմությունը պահանջում է զոհողություն։

«Այսօր ընթերցվող Ավետարանում՝ Մատթեոսի 5-րդ գլխի 1-12 համարներում, Քրիստոս ասում է. «Երանելի են հոգով աղքատները… երանելի են սգավորները… երանելի են հեզերը… երանելի են ողորմածները… երանելի են սրտով մաքուրները… երանելի են խաղաղարարները»։

Առաջին հայացքից այս խոսքերը հակասական են թվում։ Ինչպե՞ս կարող է աղքատությունը երանելի լինել, սուգը՝ ուրախության պատճառ, հալածանքը՝ օրհնություն։ Բայց Քրիստոս այստեղ չի փառաբանում տառապանքը։ Նա բացահայտում է այն մարդու ներքին աշխարհը, որի համար Աստված ավելի մեծ արժեք է, քան այս աշխարհի անցողիկ հաջողությունը։

Աշխարհը մարդուն հաճախ ասում է՝ երանելի ես, եթե ուժեղ ես, հարուստ ես, ճանաչված ես, հաղթում ես և կարողանում ես ուրիշներից վեր կանգնել։ Քրիստոս, սակայն, ասում է՝ երանելի ես, երբ քո սիրտը մաքուր է, երբ կարողանում ես ներել, երբ խաղաղություն ես ստեղծում, երբ չարիքի դիմաց չարիքով չես պատասխանում և երբ տառապանքի մեջ անգամ չես հրաժարվում սիրուց։

Սրբերի և վկաների կյանքը հենց այս Ավետարանի կենդանի մեկնությունն է։ Նրանք մեզ ցույց են տալիս, որ մարդուն կարող են զրկել ունեցվածքից, ազատությունից, նույնիսկ կյանքից, բայց չեն կարող հաղթել նրան, եթե չեն կարողացել սպանել նրա ներսի լույսը։

Մարդու ամենամեծ հաղթանակը երբեմն այն չէ, որ նա հաղթում է ուրիշին, այլ այն, որ չի թույլ տալիս, որպեսզի ուրիշի չարությունը իրեն չար դարձնի։

Այսօր հիշվող սուրբ վկաները մեզ հարց են տալիս․ ի՞նչն ենք մենք պատրաստ չկորցնել։ Մեր հարմարությո՞ւնը, մեր հեղինակությո՞ւնը, մեր նյութական ապահովությո՞ւնը, թե՞ Աստծո հանդեպ մեր հավատարմությունը։

Երանիների խոսքերը մեզ հրավիրում են վերադասավորելու մեր կյանքի արժեքները։ Որովհետև Աստծո արքայությունը սկսվում է ոչ թե աշխարհը փոխելու մեր ցանկությունից, այլ մեր սիրտը փոխելու համարձակությունից։

Եվ գուցե հենց սա է այսօրվա Ավետարանի ամենախորը խորհուրդը․ մարդը կարող է կորցնել շատ բան և դեռ ամեն ինչ ունենալ, եթե չի կորցրել Աստծուն։ Իսկ կարող է ունենալ ամբողջ աշխարհը և դատարկ մնալ, եթե կորցրել է իր սրտի խաղաղությունը։

Թող Սուրբ Ստեփանոս Ուլնեցին և սուրբ վկաները բարեխոս լինեն մեզ համար, որպեսզի մեր հավատքը չմնա միայն շուրթերի վրա, այլ դառնա մեր կյանքի ճանապարհը։

Եվ երբ մեր ճանապարհին հանդիպեն դժվարություն, անարդարություն կամ ցավ, թող կարողանանք հիշել Քրիստոսի խոսքը՝

«Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն… ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում»։

Որովհետև քրիստոնյայի իրական ուժը այն չէ, որ նա երբեք չի տառապում, այլ այն, որ տառապանքի մեջ անգամ չի դադարում սիրել, հավատալ և հույս ունենալ»,- նշել է Տեր Հեթումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր