00:00:00

Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան

22:05, 29 օգոստոս 2026 Հասարակություն

Էլ Նինյոն հասել է վերջին 1000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 

«Միչիգանի համալսարանի գիտնականների՝ Science ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 40 տարիների ընթացքում Էլ Նինյո կլիմայական երևույթը դարձել է գրեթե 40%-ով ավելի ուժեղ, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում։ Ըստ հետազոտության՝ սա այն դարձնում է վերջին հազարամյակի ամենաուժեղ Էլ Նինյոն։

 

Ուսումնասիրությունն իրականացվել է Գալապագոսյան կղզիներից վերցված ժամանակակից և հնագույն մարջանների 13 նմուշների քիմիական կազմի վերլուծության հիման վրա։ Մասնավորապես ուսումնասիրվել են թթվածնի իզոտոպների, ստրոնցիումի և կալցիումի հարաբերակցությունները։ Մարջանների աճի շերտերը գիտնականների համար ծառայել են որպես բնական «ջերմաչափ»՝ հնարավորություն տալով վերականգնել օվկիանոսի ջերմաստիճանի փոփոխությունները հարյուրավոր տարիների ընթացքում։

 

Կլիմայական մոդելավորման միջոցով գիտնականները գնահատել են նաև բնական գործոնների՝ հրաբխային ակտիվության և Արեգակի ճառագայթման տատանումների հնարավոր ազդեցությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ դրանք չեն կարող բացատրել Էլ Նինյոյի դիտվող ուժեղացումը։ Հիմնական գործոն է համարվում մարդածին գլոբալ տաքացումը։

 

Էլ Նինյոյի ուժեղացումը գումարվում է մոլորակի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացման ազդեցությանը՝ մեծացնելով աշխարհի տարբեր շրջաններում եղանակային և կլիմայական ծայրահեղ երևույթների հավանականությունն ու ուժգնությունը։ Դրանց թվում են երկարատև երաշտները, անտառային հրդեհները, ուժեղ տեղումները և ջրհեղեղները, ինչպես նաև ենթակառուցվածքների վնասման աճող ռիսկերը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր