Կիևի մերձակայքում գտնվող պահեստի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է պատժել պահեստում տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատուներին։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, և ավելի քան 370 մարդ տարհանվել է Միլա գյուղից, ասել է Զելենսկին։
Անցած գիշեր ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ Կիևին։ Նա հավելել է, որ մոտակա ենթակառուցվածքները «զգալի վնասներ» են կրել, այդ թվում՝ բնակելի շենքերը և տարեցների խնամքի կենտրոնը։
«Նրանք, ովքեր թույլ են տվել, որ սա տեղի ունենա, պետք է պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար: Գործում են կանոնակարգեր. զինամթերքը չի կարող պահվել տների կամ այլ բնակելի տարածքների մոտ։ Համապատասխան եզրակացություններ անպայման կարվեն»,-սոցցանցի իր էջում գրել է Զելենսկին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միլա գյուղում հարված է հասցվել Fire Point հրթիռային ընկերությանը պատկանող զինամթերքի պահեստին։
Ռուս զինվորականները նաև հայտարարել են, որ հարված են հասցվել Կիևի մարզի Չայկի գյուղում գտնվող «ՖԻՄ Սերվիս» լոգիստիկ կենտրոնի պահեստներին, որոնք «օգտագործվում էին «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչները պահելու համար», ինչպես նաև Կալինովկա գյուղում գտնվող լոգիստիկ կենտրոնին, որտեղ տեղակայված է մաքսային տերմինալ, որը զբաղվում է արևմտյան երկրներից ժամանող ռազմական բեռների բաշխմամբ։