00:00:00

«Դժվար օրեր միշտ էլ եղել են և լինելու են, բայց հավատքի ուժով մենք պետք է առաջ ընթանանք». Արագածոտնի թեմը կրկին միասնական ժամերգության էր մեկտեղվել

10:55, 29 օգոստոս 2026 Հասարակություն

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր շաբաթ թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն:

 

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Առաջնորդանիստ եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, ուխտավոր հայորդիներ՝ միասնաբար աղոթելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

 

Ժամերգության ընթացքում իր խոսքն հավատացյալների ուղղելով՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն հորդորել է ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, երբեք չկորցնել հույսն ու վստահությունը առ Աստված և Նրա զորությամբ հաղթահարել այս օրերին մեր կյանքում ծառացած բոլոր փորձություններն ու դժվարությունները։

 

«Ավետարանի լույսով և Քրստոսով ճշմարտությունը ճանաչեք, ձեր ճանապարհները թող լինեն Քրիստոսով, որպեզի բոլորս լույսով առաջնորդված հասնենք երկնքի արքայություն:

 

Տիրոջ սերն ու խաղաղությունը թող լինեն Հայոց աշխարհում: Դժվար օրեր միշտ էլ եղել են և լինելու են, բայց հավատքի ուժով մենք պետք է առաջ ընթանանք, անկոտրում և վստահ լինենք ու այս դժվարությունների մեջ ավելի լավ ճանաչենք մեզ և իմանանք մեր անելիքը»,- նշել է Տեր Հայրը։

 

Ժամերգությանը հոգևոր դասը իր խոնարհումն է բերել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ խնդրելով Սրբի բարեխոսությունը:

 

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

 

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ին, Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր