00:00:00

Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար

20:58, 24 օգոստոս 2026 Հասարակություն

Սամվել Դպիր Գրիգորյանը գրել է․
«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏԻՐԱՆՎԵՐ ՔԱՀԱՆԱՆԵՐՆ ԱՂՈԹՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

1․ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՐՑՐԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՂՈԹՔՆ իր հայրենիքի համար պատերազմի քարոզչություն չէ։ Սուրբ Գրքում հայրենազրկումը, գերությունը, ապաշխարությունը, վերադարձի հույսը և հայրերի երկրի համար աղոթքը մի ամբողջ հոգևոր թեմա են կազմում։
2․ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆԳԱՄ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ հայրենիքից բռնի հեռացված ժողովրդին, որը օտարության մեջ չի դադարում հիշել իր երկիրը, աղոթել, ապաշխարել և Աստծու ողորմությամբ վերադարձի հույսը պահել։
3․ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՎԿԱՅՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՆ ՄԱՍԻՆ, թե ինչպես գերության մեջ գտնվող ժողովուրդը դառնում է առ Աստված, աղոթում և ապրում վերադարձի հույսով։ Իսկ Երեմիա մարգարեի միջոցով Տերը Բաբելոնի գերության մեջ գտնվող ժողովրդին տալիս է նաև վերադարձի խոստումը․
«Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը, քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ, և դուք կկանչեք ինձ, կգնաք և կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ։ Կփնտրեք ինձ և կգտնեք, որովհետև ինձ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով։ Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ (Երեմ․ 29:10-14):
4․ ԵՐԵՄԻԱՅԻ ԽՈՍՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ ՉԷ։ Այն ուղղված է գերության մեջ գտնվող ժողովրդին և միավորում է երեք բան՝ դարձ առ Աստված, աղոթք և վերադարձի հույս։ Հայրենիքի կորստից հետո Աստված չի պատվիրում ժողովրդին ջնջել հայրենիքը հիշողությունից։ Ընդհակառակը՝ գերության մեջ ապրող ժողովուրդը շարունակում է սպասել, աղոթել և հուսալ վերադարձի համար։
5․ ՆՈՒՅՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ՍՈՂՈՄՈՆԻ ՏԱՃԱՐԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՒՄ։ Նա իր աղոթքում անդրադառնում է նույնիսկ այն ողբերգական վիճակին, երբ ժողովուրդն իր մեղքերի պատճառով պարտվի, գերեվարվի և տարվի օտար երկիր։ Բայց նույնիսկ այնտեղ ճանապարհը փակված չէ․ եթե ժողովուրդը դարձի գա, զղջա և աղոթի՝ հայացքն ուղղելով դեպի իր հայրերի երկիրը, Սողոմոնը խնդրում է, որ Աստված երկնքից լսի նրանց աղոթքը և ների նրանց (Գ Թագ. 8։46–50)։
6․ ՈՒՐԵՄՆ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՂՈԹՔՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ Սուրբ Գրքի տեսանկյունից ոչ թե պատերազմի քարոզչություն է, այլ հիշողության, ապաշխարության, հույսի և Աստծո ողորմությանն ապավինելու արտահայտություն։
7․ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԱՂՈԹՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ ՉԷ․
Սուրբ Պատարագի ընթացքում Արցախի համար հնչող աղոթքը որևէ ժողովրդի դեմ պատերազմի, վրեժխնդրության կամ արյունահեղության կոչ չէ։ Եկեղեցին աղոթում է շինության, անսասանության, խաղաղության, ժողովրդի պահպանության և հայրենի սրբավայրերի համար։
Աղոթել կորուսյալ հայրենիքի համար և պատերազմ քարոզել՝ երկու բոլորովին տարբեր բաներ են։ Աղոթքը խնդրանք է առ Աստված, ոչ հրաման՝ ուղղված բանակին։
8․ ԱՐՑԱԽԸ ՄԵՐ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՀԱՅՐԵՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆ Է․
Հայրենիքը քրիստոնյայի համար միայն վարչական սահման կամ սեփականություն չէ։ Այն նաև նախնիներից ստացած ժառանգություն է՝ իր գերեզմաններով, եկեղեցիներով, վանքերով, սրբավայրերով, պատմական հիշողությամբ և ժողովրդի ապրած կյանքով։
Ինչպես մարդը չի ընտրում իր ծնողներին, այնպես էլ չի ընտրում իր հայրերի պատմությունը։ Եթե ծնողը տկարանում է կամ հիվանդանում, զավակը նրան չի ջնջում իր հիշողությունից, այլ առավել է հոգ տանում նրա մասին։ Նույնպես հայրենիքի կորուստը չի վերացնում նրա նկատմամբ սերը, հիշողությունը և աղոթքը։
9․ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՆԱԵՎ ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է․
Ժողովրդի հոգևոր ու բարոյական անկումը չի կարող անհետևանք մնալ նաև նրա հասարակական և ազգային կյանքի համար։
Ցավալի է, բայց մենք չկարողացանք ըստ արժանվույն գնահատել այն ժամանակը, հնարավորություններն ու հաղթանակները, որոնք ունեցանք։ Անկախության տարիներին չկարողացանք կառուցել այնպիսի հասարակություն, որի հոգևոր առանցքը կլիներ Աստված, իսկ հասարակական կյանքի հիմնարար արժեքները՝ արդարությունը, անձնազոհությունը, հայրենասիրությունը և ընդհանուր բարիքը։
Ընկանք նյութական բարեկեցության մրցավազքի մեջ, փառքը հաճախ տվեցինք մարդկանց, բայց ոչ Աստծուն, հույսներս դրեցինք անցողիկ բաների վրա, ավելի հանդուրժող դարձանք մեղքի ու պղծության նկատմամբ, իսկ անձնական բարեկեցությունը հաճախ վեր դասեցինք ընդհանուր հայրենական պատասխանատվությունից։ Տուն պահող եղանք, բայց միշտ չէ, որ կարողացանք Հայրենիք պահող լինել։
10․ ԿՈՐՑՐԱԾԸ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԱՂՈԹՔԻ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԵԼ․
Արցախը հայաթափված է, նրա ժողովուրդը՝ բռնի տեղահանված, բազմաթիվ սրբավայրեր՝ իրենց բնական աղոթական կյանքից զրկված։ Բայց Արցախը չի կարող ջնջվել մեր պատմական հիշողությունից, մեր եկեղեցական գիտակցությունից և մեր աղոթքից։
Որևէ հրամանով հնարավոր չէ ժողովրդին պարտադրել մոռանալ իր հայրենիքը, իր գերեզմանները, իր վանքերն ու սրբավայրերը։
11․ ԱՂՈԹՔԸ ՀՈՒՅՍԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է․
Արցախի և ամբողջ աշխարհի Տերն Աստված է։ Մեզ տրված չէ իմանալ Աստծո Նախախնամության բոլոր ճանապարհները։ Մեզ տրված է ապաշխարել, ուղղել մեր կյանքը, չկորցնել հավատքը, սիրել միմյանց, պահպանել հիշողությունը, գործել և աղոթել՝ մեր հույսը դնելով ոչ միայն մարդկային ուժերի, այլև Աստծո ողորմության վրա։
Քրիստոնեական հույսը աշխարհիկ կանխատեսում չէ․ այն վստահություն է, որ պատմության վերջին խոսքը մարդկային ուժին չի պատկանում, և որ ժողովուրդը նույնիսկ կորստի մեջ չպետք է դադարի աղոթելուց։
Եվ թերևս հայրենազրկված ժողովրդի հիշողության ամենահզոր աստվածաշնչյան արտահայտությունը Բաբելոնի գերության սաղմոսն է։ Գերության մեջ գտնվող ժողովուրդը չի ասում՝ Երուսաղեմն այլևս մերը չէ, ուրեմն չհիշենք։ Ընդհակառակը՝ օտարության մեջ Երուսաղեմի հիշողությունը դառնում է հավատարմության ուխտ։
«Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ, թող իմ աջը մոռանա ինձ, թե չհիշեմ քեզ, թող լեզուս կցվի քիմքիս, եթե քո նվագը նախ չնվագեմ, ո՜վ Երուսաղեմ, սկի՛զբն իմ ուրախության» (Սաղմ. 136:5-6):
Եվ այսօր հայրենազրկված արցախցու ու Արցախը չմոռացող հայի սրտում այս սաղմոսը բնականորեն նոր արձագանք է գտնում․ մենք ևս չենք կարող մոռացության տալ մեր հայրենի Արցախը։
12․ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ, ՈՒՐԵՄՆ, ՔԱՀԱՆԱՆԵՐՆ ԱՂՈԹՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
ա) Որովհետև Եկեղեցին չի կարող աղոթքից արտաքսել մի ամբողջ ժողովրդի ցավը։
բ) Որովհետև Արցախը միայն աշխարհաքաղաքական հարց չէ․ այնտեղ են մեր ժողովրդի տները, գերեզմանները, եկեղեցիները, վանքերը և դարավոր հոգևոր ժառանգությունը։
գ) Որովհետև հայրենազրկված ժողովրդի համար աղոթելը պատերազմի քարոզ չէ։
դ) Որովհետև խաղաղություն խնդրելը պատերազմի կոչ չէ։
ե) Որովհետև հիշելը պատերազմ չէ։
զ) Որովհետև ապաշխարելը պատերազմ չէ։
է) Որովհետև Աստծո ողորմությանը հուսալը և հայրենիք վերադարձի հույսը կենդանի պահելը պատերազմ չէ։
Այնպես որ՝ այո՛, քրիստոնյան պիտի աղոթի Արցախի համար։ Ոչ ատելությամբ, ոչ վրեժխնդրությամբ, ոչ պատերազմի ցանկությամբ, այլ ապաշխարությամբ, հավատքով, խաղաղության խնդրանքով և այն հույսով, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա։

ԱՂՈԹՔ

Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր մեզ։ Ների՛ր մեզ, որ չկարողացանք ըստ արժանվույն պահել մեր հայրերից ստացած սրբազան ժառանգությունը։ Տո՛ւր մեզ ապաշխարության հոգի, զղջացող սիրտ, ուղիղ միտք և հոգևոր արթնություն, որպեսզի դառնանք դեպի Քեզ, ճանաչենք մեր մեղքերն ու սխալները և արժանի պտուղներ տանք ապաշխարության։ Մենք անդադար աղոթում ենք մեր կորուսյալ Հայրենիքի սրբազան մի նշխարը կազմող Արցախի, բռնի տեղահանված մեր եղբայրների ու քույրերի, մեր լքված վանքերի, եկեղեցիների ու սրբավայրերի համար՝ հուսալով, որ Քո ողորմության դուռը մի օր կբացվի մեր առջև: Պահի՛ր մեր մեջ վերադարձի հույսը և առաջնորդի՛ր մեր ժողովրդին Քո կամքի, արդարության ու խաղաղության ճանապարհով։ Ամեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր