ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE)՝ միասնական ազգային տաղավարով։ Դրա շրջանակում «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն նախարարության աջակցությամբ ազգային տաղավարի կազմում մասնակցել է ցուցահանդեսին 2023-2025 թվականներին։ Այս մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանման մեջ՝ ի պաստասխան «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Մխիթարյանի հայտարարությանն այն մասին, որ նախարարությունը խոչընդոտում է ՀԿ-ի մասնակցությունը ցուցահանդեսին։
«2025 թվականի ցուցահանդեսի նախապատրաստական փուլում նախարարության ստացած տեղեկատվության համաձայն՝ կազմակերպությունը նախատեսել էր մասնակցել առանձին (կոմերցիոն) տաղավարով, ինչը թույլատրված չէ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի փետրվարի 19-ի N 629-Ա հրամանով։
«Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն նախարարությանը պաշտոնապես հավաստիացրել է, որ ցուցահանդեսին մասնակցելու է բացառապես ՀՀ ազգային տաղավարի կազմում, ինչի հիման վրա նախարարությունը բավարարել է կազմակերպության մասնակցության հայտը։
Սակայն 2025 թվականին ՀՀ ազգային տաղավարի շրջանակում մասնակցության ընթացքում արձանագրվել են գործող կարգի պահանջներին անհամապատասխանություններ։ Տեղում պարզվել է, որ կազմակերպությունն ազգային տաղավարում ներկայացրել է այլ ընկերությունների արտադրանք, այդ թվում՝ տնտեսավարողների, որոնք սահմանված կարգով նախարարություն մասնակցության հայտ չեն ներկայացրել, ընտրության փուլ չեն անցել և համապատասխան պայմանագիր չեն կնքել։
Մինչդեռ՝ «Օտարերկրյա պետություններում միջազգային ցուցահանդեսներին ազգային տաղավարով մասնակցության» կարգի 3-րդ կետի համաձայն՝ ցուցադրող կարող է հանդիսանալ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, ոլորտային ասոցիացիան, հիմնադրամը կամ հասարակական կազմակերպությունը, որը ցուցահանդեսի շրջանակում ներկայացնում է բացառապես իր կողմից արտադրված ապրանքները և (կամ) մատուցվող ծառայությունները։
Հետևաբար, նախարարության որոշումը որպես ՀԿ-ի մասնակցությունը «միտումնավոր խոչընդոտելու» փորձ ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան իրականության միտումնավոր խեղաթյուրում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստան–Չինաստան տնտեսական համագործակցության զարգացումը և աշխատանքներ է իրականացնում երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և հայկական արտադրանքի՝ չինական շուկայում առաջմղման ուղղությամբ։
Միաժամանակ, բոլոր կազմակերպությունների մասնակցությունը նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ենթադրում է սահմանված պահանջների և ընթացակարգերի խստագույն պահպանում», - ասվում է պարզաբանման մեջ։