00:00:00

36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը․ Վահե Հովհաննիսյան

10:28, 19 օգոստոս 2026 Բլոգ

 «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Մի քանի օրից լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարին։ Այն ընդունեց Գերագույն Խորհուրդը, որը կազմված էր հիմնականում կրթված, ազնիվ, հայրենասեր և մեծ մասամբ անփորձ գործիչներից։ Տարբեր ոլորտներից, հասկանալի պատճառներով, քաղաքական և պետական փորձ չունեցող գործիչներն ընդունեցին մեր հռչակագիրը։ Բոլորովին այլ պայմաններում, այլ ժամանակներում և մեր ու աշխարհի մասին բոլորովին այլ պատկերացումներով։ Այն, ի դեպ, ընդունվեց մեծ կոնսենսուսով. փառք ու պատիվ այդ մարդկանց։

36 տարի հետո՝ այսօր, մենք խոսում ենք պետականության կորստի, տնտեսական փլուզման, տարածքային զիջումների, և ընդհանրապես մեր լինել-չլինելու մասին։ Խոսում ենք շատ հանգիստ, կենցաղային մի զրույցի պես։

Ոչ մի նմանություն՝ այսօրվա և 36 տարի առաջվա «այս օրերի» միջև։ Նման է թերևս միայն անորոշությունը։ Բայց հույսով օծված անորոշությունն էապես տարբեր է անհուսության բրենդով անորոշությունից։

Այսօր Հայաստանը կարիք ունի հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի։ Այն պիտի ոչ թե փոխարինի անկախության հռչակագրին (դա աբսուրդ է), այլ հաշվի առնելով առկա իրողությունները՝ մշակի, պայմանական ասած, առաջիկա 36 տարվա մեր բովանդակությունը։ Պետական մտածողությունը, պատմական պատասխանատվությունը դա են պահանջում։ Եվ բարեկրթության մթնոլորտում հենց այս հարցերը պետք է գերիշխեն։ Ցավոք, ոչ քննարկողները ունենք, ոչ էլ՝ իրական բարեկրթությունը, որպես ներհանրային մթնոլորտ։

Խոսքը ռազմավարական հայեցակարգի մասին է, որ կսահմանի մեր պետական և ազգային նպատակները, խնդիրները, Հայաստանի և հայկական աշխարհի համակեցության կանոնները, ինքներս մեր մասին և հարևանների մասին պատկերացումները՝ տնտեսական մոդելների, դաշնակիցների մասին նոր ընկալումներով։ Հենց սա պետք է լիներ մեր պետական մտքի բանավեճի՝ բարեկրթության սահմաններում քննարկման առարկան։

Պատերազմից ու ծանր պարտությունից հետո պետությունների վերականգնումը քաոտիկ չի լինում։ Պետությունները վերականգնվում են հետպատերազմյան վերականգնման լուրջ ծրագրերով։

Իմ պատկերացրած պետական, ազգային ստրատեգիական փաստաթղթի ծնունդը ունի երկու խոշոր խոչընդոտ։

1.Ո՞վ պետք է դա ընդունի։ Այս Աժ-ն չունի այդ հանրային կշիռը։ Եվ չկա որևէ այլ՝ հեղինակություն վայելող ձևաչափ։

2.Այն պետք է ընդունվի ներքին համերաշխության մթնոլորտում։

Ի վերջո մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ այս տարածաշրջանում հայկական տարածքները և հայ բնակչության թիվը վերջին 100 տարում անդադար նվազում են։

Սա է մեր մասին ամենախոսուն փաստը։ Մենք պետք է ունենանք խիզախություն և գրագիտություն՝ հասկանալու պատճառները և գտնելու այս ընթացքը կասեցնելու քայլերը։

Կանե՞նք, կունենա՞նք. ես չգիտեմ։

Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին, որն անցել ենք միասին, բոլորովս։ Այդ 36 տարվա ուրացումը մեծագույն սխալ է, սխալ է նաև դրա իդեալականացումը։

36 տարի առաջ քաղաքական և առաջադիմական միտքը հիմնականում ԱԺ-ում էր։ Այսօր՝ հիմնականում բանտում կամ տնային կալանքի մեջ։ Կամ՝ անզորությունից փակված ինքն իր մեջ, որը բանտից քիչ է տարբերվում։ Այս անառողջ ձևով մտնել Հայաստանի կյանքի հաջորդ փուլ՝ նշանակում է դատապարտվել ինքնավերացման։ Ու այս ընթացքի մեջ որևէ բարեկրթություն չկա։

Այսօր պիտի գտնվեն այն ուժերը, այն ձևաչափերը, որոնք կնախաձեռնեն այդ քննարկումը, կբացեն նոր քաղաքական մտքի ընթացքը։ Սա, մեծ հաշվով, ինքնապաշտպանական խնդիր է, և այդ հանրային  խոսակցությունը միայն կարող է դառնալ Հայաստանի հետագա զարգացման ներքին, իրական երաշխավորը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր