«Թող մեր բարի նպատակները կատարվեն, չար նպատակները խափանվեն։ Միայն բարին ենք կամենում ժողովրդի բոլոր զավակներին, որոնք այս երկրի, հայրենիքի, մեր սրբազան եկեղեցու համար ապրում են և աղոթում են»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախատոնակի ավարտին։
Միքայել Սրբազանը շարունակել է. «Միայն բարին ենք կամենում բոլոր նրանց համար, ովքեր իրենց հայկական ինքնությանը հավատարիմ՝ ցանկանում են մեր երկիրը լինի հզոր, ժողովուրդը լինի բարօրության մեջ, մեր եկեղեցին լինի պայծառ։ Ովքեր այդ ամենը չեն ցանկանում, թող տերը խափանի այդ չար ծրագրերը։
Մենք որևէ չար ծրագիր չենք ունեցել ոչ ի դեմս պետության, ոչ ի դեմս հայրենիքի, ոչ ի դեմս ժողովրդի, ոչ էլ ի դեմս եկեղեցու»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այսօր ժամը՝ 17:00-ին, Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում տեղի է ունեցել նախատոնակ՝ հանդիսապետությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Հոգևորականաց թափորը՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ, հանդիսավորաբար Սուրբ Աստվածածին եկեղեցուց դուրս է բերել Ս. Յոթվիրաց պատկերը և կատարվել է անդաստան:
Օգոստոսի 16-ին, ժամը՝ 10:00-ին, Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում՝ ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, այնուհետև Սրբազան Հոր ձեռամբ տեղի կունենա Խաղողօրհնեքի արարողություն: