00:00:00

Լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 2 և խոչընդոտման 3 դեպք է արձանագրվել

15:21, 04 հունիս 2018 Իրավական

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2018 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 2 և խոչընդոտման 3 դեպք։ Ներկայացնում ենք արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։ Մարտի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանում Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննման դատական նիստի ժամանակ դատավոր Մանուշակ Պետրոսյանը արգելել է լրագրողներին տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, թե «դատարանը տեսանկարահանվելու ցանկություն չունի»։ Դատական նիստի ընդմիջման ժամանակ դատավորը ստուգել էր լրագրողների վկայականները: Իսկ երբ պարզել էր, որ լրագրողներից մեկի մոտ չկա վկայական, հայտարարել էր, որ վերջինս որպես լրագրող նիստին չի կարող մասնակցել: Մարտի 20-ին Վարչական դատարանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հրամանի վիճարկման դատական նիստի ժամանակ դատավոր Արգիշտի Ղազարյանն արգելել է լրագրողներին տեսանկարահանել, այն դեպքում, երբ ո՛չ հայցվորները, ո՛չ պատասխանող կողմը դեմ չեն եղել։ Դատավորը նշել է, որ նկարահանումը «կկաշկանդի նիստի վարումը՝ վարողի տեսանկյունից»։ Մարտի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող լրագրողի հանդեպ բռնության գործով դատական նիստի ընթացքում դատավոր Լուսինե Աբգարյանը որոշում է կայացրել սահամանափակել դատական նիստի լուսա/տեսանկարահանման ժամանակը՝ սահմանելով լրագրողների համար ազատ աշխատանքի ընդամենը 5 րոպե ժամանակ: Ապրիլի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը Հասմիկ Սարգսյանի գործով դատաքննության ժամանակ արգելել է լրագրողներին տեսա/լուսանկարահանել դատարանի կազմին՝ հայտարարելով, թե դատարանը չի   ցանկանում, որ իրենց տեսա/լուսանկարահանեն: Դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել տեսա/լուսանկարահանման միջնորդությանը և դատավորը թույլատրել է նկարահանել միայն դատավարության մասնակիցներին:   Ապրիլի 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բողոքի քննման ժամանակ արգելել է տեսանկարահանում իրականացնել։ Թեև դատական նիստին մասնակցել է միայն բողոքաբեր կողմը, ով էլ միջնորդել է տեսանկարահանում իրականացնելու մասին, դատավորը մերժել է այն։ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության բացերով: ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը։ Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար: Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով:   Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում և սահմանափակում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում. Բոլոր դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքի չհիմնավորված սահմանափակումներից և ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը, ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։   Բարձրագույն դատական խորհրդին՝ օրենքով սահմանված կարգով հաստատել զանգվածային լրատվության միջոցների եւ դատարանների փոխհարաբերության կանոնները՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։ Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործընթացին։   «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր