00:00:00

Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Արմեն Գրիգորյան

15:19, 26 մայիս 2026 Քաղաքականություն

Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այդ թեման մեր օրակարգի մաս է, մենք շարունակելու են քննարկել և լուծումներ փնտրել։ Այս պահին բանակցությունները շարունակվում է և հենց որ մենք արդյունքներ ունենանք, բնականաբար կհայտարարենք դրա մասին», - նշել է նա։

«Ընդհանուր առմամբ, որպեսզի մենք մրցակցային առավելություն ձեռք բերենք տարածաշրջանային կառուցվածքների հարցում, հնարավորինս արագ պետք է աշխատենք, հնարավորինս արագ ենթակառուցվածքներ կառուցենք կամ վերակառուցենք: Այստեղ կարևոր գործոն է արագությունը, թե որ կողմը կկարողանա հնարավորինս արագ իր ենթակառուցվածքները զարգացնել», - ասել է Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածները վերականգմանը, Գրիգորյանն ասել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են: Գրիգորյանը նշել է, որ այդ հատվածները վերակառուցվելու են նաև Հայաստանի պետբյուջեի միջոցով:

«Ենթակառուցվածքների զարգացումը հասկանում ենք, որ մի կտորի մասին չի, ամբողջ ենթակառուցվածքների մասին է, խոսքը նաև TRIPP-ի մասին է, խոսքը մեր երկաթգծային ենթակառուցվածքների մասին է, որոնք մենք ունենք Հայաստանում, որոնք պետք է վերականգնենք կամ վերակառուցենք կամ եղածը օգտագործենք, ընդհանուր ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը», - ասել է նա։

«Ազատության» հարցին՝ այսինքն Հայաստանի երկաթուղային ցանցը ամբողջությամբ արդիականացնելու անհրաժեշտություն կա՞, ԱԽ Քարտուղարը պատասխանել է՝ որոշ տեղերում կա:

«Խորհրդային Միություն փլուզումից հետո դրա մի մասը չի օգտագործվել, գիտեք մի մասը որպես երկաթ, հանձնվել է այլ երկրներին գումարի դիմաց կամ երբեմն երևի առանց գումարի: Սա է խնդիրը, որ ամբողջական ենթակառուցվածքները վերականգնված լինեն», - հավելել է Գրիգորյանը։

«Հայաստանը առաջնահերթ աշխատելու է, որպեսզի մրցակցային առավելություն ձեռք բերվի, ենթակառուցվածքները բացվեն, սկզբից ներդրում կատարվի ենթակառուցվածքներում, այնուհետև բացի այդ ենթակառուցվածքներից, որպեսզի ապրանքները և ծառայությունները հիմնականում անցնեն Հայաստանով», - ասել է ԱԽ քարտուղարը։

Իսկ թե ի՞նչ ժամկետներում է Հայաստանը ակնկալում, որ ռուսական կողմի հետ բանակցությունները պետք է հանգուցալուծվեն, նա ասել է՝ հնարավորինս արագ:

«Մենք գտնում ենք, որ պետք է շարունակենք երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ լուծում գտնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք գոյություն ունեն, և բանակցություններն են դրա հիմնական միջոցը», - ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր