Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող՝ Մայրցամաքային Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման մասին Հաջիևը հայտնել է սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև անցյալ ամիս անցկացված հեռախոսազրույցի ֆոնին։
«Մենք դիտարկեցինք ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները։ Նաև մտքերի փոխանակում իրականացրեցինք տարածաշրջանային գործընթացների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,-սոցցանցի իր էջում գրել է Հաջիևը։