Հայկական կողմը, ադրբեջանական հեռահաղորդակցության օպերատորի հետ ստորագրելով Ադրբեջանի տարածքով հանրապետության միջազգային ինտերնետ կապի մասին համաձայնագիր, կամավոր զիջում է նրան իր թվային ինքնիշխանությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Telecom Armenia»-ի և «AzerTelecom»-ի միջև համաձայնագրի ստորագրումը ոչ թե կոմերցիոն ձեռքբերում է, այլ Հայաստանի թվային ինքնիշխանության կամավոր հանձնում։ Գործող իշխանություններն այս քայլն ակտիվորեն ներկայացնում են որպես տնտեսական դիվերսիֆիկացիա, սակայն իրականում նրանք երկիրը «նստեցնում են» Բաքվի «տեղեկատվական ասեղի» վրա», - ասել է Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի՝ գլխավոր ռիսկը համատարած կիբերլրտեսությունն է։
Նա հստակեցրել է, որ ցանկացած քաղաքական կամ ռազմական լարվածության դեպքում այս ինտերնետային կապուղին ակնթարթորեն կարգելափակվի կամ կրիտիկական աստիճանի կդանդաղեցվի, ինչը կաթվածահար կանի երկրի կապը ամենապատասխանատու պահին։
Այսօր ավելի վաղ ադրբեջանական «AzerTelecom» ինտերնետ-օպերատորը հայտնել էր հայկական «Telecom Armenia»-ի հետ համաձայնագրի ստորագրման մասին, որով նախատեսվում է Ադրբեջանի տարածքով ապահովել Հայաստանի միջազգային ինտերնետ կապը: Ընկերությունում նշել են, որ համաձայնագրի շրջանակներում «AzerTelecom»-ը կընդլայնի միջազգային ինտերնետ տրաֆիկի փոխանցման ծառայությունների աշխարհագրությունը, ինչպես նաև սեփական ենթակառուցվածքների օգտագործմամբ կապահովի ինտերնետ տրաֆիկի տարանցումը դեպի Հայաստան։