ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման ծրագրերը, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը, առևտրի դյուրացման հարցերը, ինչպես նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք աջակցության ծրագրերը։
«Ի շարունակություն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են ներկայիս առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերին։
Քննարկման մասնակիցները կիսվել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման և բիզնես կապերի խորացման ուղղությամբ երկուստեք իրականացված քայլերի առաջընթացի մասին տեղեկատվությամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: