00:00:00

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը․ «Ազատություն»

14:35, 18 հունիս 2026 Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։

«Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել է հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։

Ավելի վաղ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանին արտոնյալ պայմաններ՝ Առևտրի ինքնավար միջոցառումներ առաջարկել (Autonomous Trade Measures – ATM), որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։

Միրզոյանի այցի ընթացքում, ըստ «Ազատության» աղբյուրների, Եվրահանձնաժողովը վերահաստատել է այս հանձնառությունը։ Ակնկալվում է, որ ապրանքների ցանկը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Իհարկե, ես շնորհակալ եմ Եվրոպական Միության մեր գործընկերներին այնքան արագ արձագանքելու համար, այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար, և կան օրենքներ, որոնցով մենք բյուջետային հնարավորություններով ավելի հասցեական աջակցություն ենք տրամադրում մեր տնտեսվարողներին»։

Փաշինյանն ընդգծեց, որ կան արդեն պայմանագրեր մեծ և երկարաժամկետ խմբաքանակների արտահանման համար. «Խոսքն այսօրվա մասին է, որովհետև ամեն օր աշխատանք է տեղի ունենում և ամեն օր իրադարձություններ են տեղի ունենում։ Այսօր եթե հետևել եք կառավարության նիստին, էկոնոմիկայի նախարարը նշեց, որ արդեն այն նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ իրականացնում ենք, երկրների թիվը տասնյակից անցնում է։ Ընդ որում, նրանց մեծ մասը նախկինում զրո արտահանում ենք ունեցել։ Հիմա մենք ոչ միայն ունենք խմբաքանակներ, այլև պայմանագրեր մեծ և երկարաժամկետ խմբաքանակների համար»։

«[Միրզոյանի] Այցը հաստատեց ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող հարաբերությունները»,- ասել է եվրոպացի մեկ այլ դիվանագետ՝ հավելելով. «Արտգործնախարար Միրզոյանը շեշտեց նաև էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու՝ Հայաստանի ցանկությունն ու շեշտեց այդ ուղղությամբ ԵՄ-ի կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»։

Ըստ «Ազատության» աղբյուրների՝ հանդիպմանը Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի առաջիկա ժամանակահատվածում։ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում էլ նշել է անորոշությունը, որը ի հայտ է եկել հունիսի 7-ի ընտրություններից հետո, որոնց արդյունքներով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն։

Երեկ Փաշինյանը Խորհրդարանում հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահի օգնականի անցած շաբաթվա այցը կապված էր հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների, մասնավորապես, դրանից ի հայտ եկած «սպառնալիքները կառավարելու հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր