Միջազգային մամուլը գրում է, որ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցների նոր փուլում ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Ադրբեջանի հետ կապվող անձինք և ընկերություններ, հայտնում է War and Sanctions-ը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը հունիսի 15-ին ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով տասնյակ անձանց և կազմակերպությունների, որոնք, ըստ ԵՄ-ի, կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի, նավթային «ստվերային նավատորմի» և պատժամիջոցների շրջանցման մեխանիզմների հետ։
Միջազգային հետաքննական կառույցների տվյալներով՝ Ադրբեջանում գրանցված մի շարք ընկերություններ ներգրավված են եղել այն նավերի կառավարման կամ սպասարկման շղթաներում, որոնք օգտագործվել են ռուսական նավթի և նավթամթերքի տեղափոխման համար՝ արևմտյան սահմանափակումները շրջանցելու նպատակով։
Ուկրաինայի War & Sanctions բազայում, մասնավորապես, նշվում է Սումգայիթում գրանցված Stellar Ship Solutions LLC ընկերության անունը, որը կապվում է «ստվերային նավատորմի» նավերի կառավարման հետ։ Միջազգային մամուլում հիշատակվում է նաև ադրբեջանցի գործարար Թահիր Գարաևը, որը կապվում է Coral Energy / 2Rivers Group ցանցի հետ։