Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև այդ արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Արգելքը կգործի մինչև բեռնվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ մեխանիզմի մշակումը։
Որոշումն ընդունվել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգային դեպքերի պատճառով։ Ծառայությունը, սկսած ընթացիկ տարվա մայիսից, փուլ առ փուլ սահմանափակել է հայկական առանձին տեսակի կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև բազմիցս հայկական կողմին տեղեկացրել է մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների մասին։
Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվում են։ Հունիսին արձանագրվել է կապրայի բզեզով վարակման երեք դեպք՝ Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի խմբաքանակներում։
Սա, ըստ Ռոսսելխոզնադզորի, վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից վերահսկողության անբավարար մակարդակի մասին և կասկածի տակ է դնում բուսասանիտարական հավաստագրման համակարգի հուսալիությունը։ Հայաստանի բույսերի կարանտինի և պաշտպանության ծառայության ոչ արդյունավետ գործունեությունը, ըստ ռուսական կողմի, վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական անվտանգությունը։