Թուրքական ընդդիմադիր «Yeni Şafak»-ում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։ Նշվում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները արագանում են, և նպատակը հարաբերությունների կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր ձեռնարկելն է, գրում է Ermenihaber-ը։
Կայքը պնդում է, որ նախատեսվում է առաջին փուլով Իգդիրում Ալիջան սահմանային անցակետը բացել փոխադարձ անցումների համար։ Հաղորդվում է, որ հայկական կողմում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմում մտադիր են կարճ ժամկետում ավարտել աշխատանքները։
Այսպիսով կանխատեսվում է՝ ամռան ամիսներին կմեկնարկեն ցամաքային փոխադարձ անցումները և առևտուրը։
Անդրադարձ է կատարվել նաև Կարսի Աքյաքա սահմանային անցակետին և նշվել է, որ աշխատանքներ են տարվում դրա բացման ուղղությամբ։ Ըստ կայքի՝ սահմանային անցակետերի բացումը, ինչպես սպասվում է, կվերաձևավորի երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրային ցանցը։
Թուրքիայի ու Հայաստանի միջև առևտրի ծավալը ներկայումս գնահատվում է 300-350 մլն դոլար ու երկկողմ առևտրում գերակշռում են հագուստը, քիմիական արտադրանքը, սնունդը և չմշակված թանկարժեք մետաղները:
«Yeni Şafak»-ի պնդմամբ՝ ուղիղ առևտրի մեկնարկով կանխատեսվում է, որ լոգիստիկ ծախսերը կնվազեն, ապրանքներն ավելի արագ կհասնեն շուկա, և առևտրաշրջանառության ծավալը կարճ ժամանակում կհասնի մինչև 1 մլրդ դոլարի: