Հոսանքազրկումները որևէ կերպ չեն կարող ազդել ոչ քվեարկության ընթացքի, ոչ քվեարկության արդյունքների ամփոփման վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ես, որ գալիս էի, մոտավորապես 3-4 տեղամասերի հետ կապված էր, որ ահազանգեր կար, արագ կարգավորվում էր, բայց բոլոր տեղամասերին տրված էր հատուկ լեդ լամպեր, որոնք ունակ են 10 ժամ լուսավորություն ապահովել։ Նույնականացման սարքերը ևս գործում են մարտկոցներով»,- ասաց Հովակիմյանը։
Ինչ վերաբերում է Սիսիանի 34 ընտրատարածքի նախագահի կողմից քվեաթերթիկները պարկի մեջ լցնելու դեպքին, ապա Հովակիմյանը հայտնեց, որ դա անհայտ կին չի եղել, նա ընտրատարածքի հանձնաժողովի նախագահն էր, հարցը կպարզաբանվի։ Ըստ Հովակիմյանի՝ ձայնագրությունում նշվում է, թե կողքի գյուղից ասել են, թե քվեաթերթիկները քիչ են, ինքն էլ որոշել է տանել ավել քվեաթերթիկները։
Անդրադառնալով վերջին պահին զինծառայողներին ընտրատեղամաս բերելուն՝ Հովակիմյանը նշեց, որ զինվորները տեղամաս են մուտք գործել մինչև տեղամասի փակվելը։
Նրա խոսքով՝ ըստ ընտրական օրենսգրքի, իրենք ներսում լինելով՝ իրավունք ունեին շարունակել քվեարկել։
«Եթե նրանց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից»,- ասաց նա։