00:00:00

Եթե որևէ մեկը մտածում է՝ հնարավոր է գյուղատնտեսությունը փակել ու ամբողջ ծավալով կոմպենսացնել, ուրեմն՝ նա ընդհանրապես չի պատկերացնում խնդրի ծավալը. Քոչարյան

23:19, 03 հունիս 2026 Քաղաքականություն

 

 

Այն, ինչ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է, միտված է Ռուսաստանի հետ հակասություններն է՛լ ավելի լարելուն, էսկալացիա առաջացնելուն։ Այս մասին այսօր «Արմենիա» ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանը սկսի արտահանումներ իրականացնել դեպի ԵՄ։

«Հայաստանի իշխանությունը շարունակում է այս կոնֆրոնտացիայի էսկալացիայի ճանապարհը։ Ինքն ուզում է Ռուսաստանին ցույց տալ, որ ես այլընտրանք ունեմ։ Սա էսկալացիայի ճանապարհ է, չունի այլընտրանք։ Այս 8 տարիների ընթացքում ի՞նչ են արտահանել ԵՄ գյուղատնտեսական ապրանքների առումով։ Ոչինչ կամ գրեթե ոչինչ։ Եվրոպական շուկան չափազանց պաշտպանված է, ԵՄ երկրների ֆերմերները երբեք թույլ չեն տա իրենց կառավարություններին ինչ-որ կերպ ոտնահարել իրենց շահերը։ Մենք տեսնում ենք նույնիսկ Ուկրաինայի պարագայում, թե Լեհաստանում ֆերմերներն ինչ են անում՝ ուղղակի փակում են ճանապարհներն ուկրաինական գյուղարտադրանքի դիմաց»,-նշել է նա:

Անդրադառնալով նրան, որ Փաշինյանը հայտարարել էր, թե բիզնես պատվիրակություններ են գործուղվել բանակցությունների, Հայաստանի արտահանման առաջին խմբաքանակը ճանապարհին է, ինչպես նաև խոստացել էր, որ կառավարությունն աջակցություն կտրամադրի այն ֆերմերներին, որոնց արտադրանքի արտահանումն անարդարացիորեն սահմանափակվել է՝ Քոչարյանը նշել է, որ դա պարզապես նախընտրական հնարք է՝ քաղաքացիներին ցույց տալու, թե հարցերը կկարգավորվեն, սակայն վստահ է՝ չի ստացվելու, որովհետև խնդիրները լուրջ են և խորը։

Անդրադառնալով կառավարության հայտարարած աջակցության ծրագրին՝ Քոչարյանն ընդգծել է, որ այդ ծավալը հնարավոր չէ փոխհատուցել։

«Եթե որևէ մեկը մտածում է՝ հնարավոր է գյուղատնտեսությունը փակել ու ամբողջ ծավալով կոմպենսացնել, ուրեմն՝ այդ մարդն ընդհանրապես չի պատկերացնում խնդրի ծավալն ու խորությունը»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն արեց ամեն ինչ ԵՄ-Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնվելու համար։

Ըստ Քոչարյանի՝ յուրաքանչյուր մեծ պետությունն ունի աշխարհաքաղաքական իր շահերը, հատկապես երբ խոսքն իր սահմանների երկայնքի մասին է։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն էլ այստեղ շահեր ունի:

«Իհարկե ունի, և անհամադրելի են Ռուսաստանի շահերն այստեղ Եվրամիության շահերի հետ։ Ըստ էության, մենք արհեստական ձևով մտցվել ենք մի օրակարգի մեջ, որը Հայաստանի շահերից չի բխում»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը և հավելել, որ  Հայաստանը պետք է կարողանա այնպիսի հավասարակաշռված քաղաքականություն վարել, որ և՛ չփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, և՛ փորձի լավ, դինամիկ, արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր