00:00:00

Ապահովել նոր, թափանցիկ և հասարակության վստահությունը վայելող մրցույթի անցկացում. փաստաբանների հայտարարությունը

19:29, 02 հունիս 2018 Իրավական

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 29.05.2018 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ»: Ընդգծելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ ուղղված պայքարի կարևորությունն ու օրինականությունը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի ներգրավվածությունն այդ գործում՝ այնուհանդերձ, մեր մտահոգությունն ենք հայտնում Փաստաբանների պալատի կողմից անցկացված մրցույթի ընթացակարգի ու ըստ այդմ կայացված որոշման վերաբերյալ՝ հետևյալ հիմնավորումներով. 1.Մրցույթի անցկացման ժամկետները Փաստաբանների պալատը մրցույթի մասին հայտարարությունը հրապարակային տարածել է սույն թվականի մայիսի 21-ին, մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետ է ընտրվել մայիսի 24-ը: Պալատի կողմից սահմանված նման կարճ ժամանակահատվածը չի կարող համարվել ողջամիտ և չի ապահովել մասնակցության մրցակցությունը: 2.Թեկնածուին առաջադրվող չափանիշները Փաստաբանների պալատի կողմից տարածված հայտարարության մեջ թեկնածուներին առաջադրվել են ընդամենը 2 չափանիշ՝ – թեկնածուն պետք է լինի փաստաբան (հարցազրույցին չի կարող մասնակցել այն փաստաբանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և տույժը մարված չէ), – թեկնածուն պետք է ունենա հակակոռուպցիոն ոլորտում  (պաշտպանության իրականացում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում, կոռուպցիային առնչվող խնդիրների գիտական ուսումնասիրություն, հակակոռուպցիոն բնույթի ծրագրերին մասնակցություն և այլն) առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ: Փաստաբանների պալատի կողմից ընտրության համար սահմանվել է առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձի չափանիշ, մինչդեռ հանձնաժողովի անդամներից պահանջվում է 10 տարվա մասնագիտական փորձ: Հատկանշական է, որ որպես մրցույթին մասնակցության արգելք սահմանվել է փաստաբանի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու և տույժը մարված չլինելու հանգամանքը: Մինչդեռ, վերջին երկու տարիներին Փաստաբանների պալատի կողմից կարգապահական տույժերը կիրառվում են ընտրողաբար՝ առավել համարձակ և քննադատողական մոտեցում ունեցող փաստաբանների դեմ: 3.Հարցազրույցն անցկացնող աշխատանքային խումբը Տարածված հայտարարության համաձայն՝ մրցույթն անցկացնող աշխատանքային խմբում ընգրկված են եղել Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը, մամուլի խոսնակը և Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը: Ըստ նույն այդ տեղեկության՝ գնահատվել է հակակոռուպցիոն փորձառությունը, ստուգվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի իմացությունը: Մինչդեռ, հարցազրույց անցկացնող աշխատանքային խմբի անդամները հակակոռուպցիոն ոլորտում գիտակ չեն, չունեն համապատասխան ճանաչում, ինչը վերջիններիս գնահատումը դնում է կասկածի տակ: 4.Մրցույթի թափանցիկությունը 2018 թվականի մայիսի 21-ին հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 7 թեկնածուներից ներկայացել է 6-ը: Հարցազրույցին մասնակցած փաստաբանների մասին հավելյալ տեղեկություն փաստաբանների պալատի կողմից չի ներկայացվել: Չի հրապարակվել որևէ տեղեկատվություն մրցույթի բովանդակության վերաբերյալ: Մրցույթի կարևոր պայման է գնահատման չափորոշիչների համակարգը, որի վերաբերյալ նույնպես որևէ տեղեկատվություն հայտարարության մեջ նշված չէ: Հաշվի առնելով մրցույթի ընթացքում ՀՀ Փաստաբանների պալատի կողմից վերը ներկայացված բացթողումներն ու բարձրացված մտահոգությունները՝ կոչ ենք անում ՀՀ փաստաբանների պալատին՝ -չեղարկել անց կացված մրցույթի արդյունքները, -ապահովել նոր, թափանցիկ և հասարակության վստահությունը վայելող մրցույթի անցկացումը, -մրցույթի մասնակիցներին ներկայացնել ողջամիտ բարձր չափանիշներ՝ հիմք ընդունելով այն պահանջը, որ հանձնաժողովի անդամից պահանջվում է առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Ընդդեմ իրավական կամայանակության» ՀԿ «Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ «Իրավունքի ուժ» ՀԿ «Արծվաբույն Զեյթուն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր