«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ անցկացվող ռազմական շքերթի վերաբերյալ իր խոսքում նշել է, որ հպարտանում է հայ զինվորականներով, նրանց ծառայությամբ և հայկական բանակով։
«Ես հպարտանում եմ մեր զինվորականներով, նրանց քայլերթով՝ որտեղ էլ լինի, երբ էլ լինի։ Մենք պետք է հիանանք այն տղամարդկանցով ու կանանցով, որոնք ամեն օր քաջաբար պահում են մեր սահմանները»,- ասել է նա։
Թաթոյանը նշել է նաև, որ հպարտանում է Հայաստանի ունեցած և ապագայում ունենալիք ռազմական տեխնիկայով՝ ընդգծելով, որ խաղաղությունը գալիս է ուժից։
«Խաղաղությունը գալիս է ուժից և ուրիշ ոչ մի բանից, բայց մենք պետք է ճիշտ հասկանանք այս ռազմական շքերթի իրական նպատակներն ու համատեքստը, իսկ այդ համատեքստն այն է, որ գործող վարչապետը և նրա շրջապատը, որոնք ամեն օր նվաստացնում են մեր զինվորներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին, կռված մարդկանց, իրենց 6 տարվա ձախողումները փորձում են թաքցնել մեր հերոս զինվորների թիկունքում։ Այդ վեց տարիները մեզ բերել են 3 խոշոր պատերազմ, 3 պարտություն և երկրորդ հայկական ցեղասպանություն։ Մեր զինվորականները արժանի են ունենալ լավ ղեկավարություն, այնպիսի ղեկավարություն, որը նրանց չի նվաստացնում հանուն նրա, որ հաճոյանա մեր թշնամիներին»,-ասել է Թաթոյանը։
Դիմելով զինվորականներին՝ նա նշել է, որ նրանք արժանի են ունենալու ղեկավարություն, որը կհարգի նրանց սխրանքն ու ընտանիքների զոհողությունները։
«Հունիսի 7-ը մեր երկիրը ազատագրելու օրն է, մենք պետք է հետ վերցնենք մեր երկիրը»,- հայտարարել է Թաթոյանը։