Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ընտրության հնարավորություն՝ երկիրը լինի Եվրասիական տնտեսական միությա՞ն, թե՞ Եվրամիության կազմում։ Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ այդ որոշումը պետք է կայացնի ժողովուրդը։
«Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմո՞ւմ, թե՞ լինել Եվրամիության կազմում։ Դա ես չեմ որոշելու, ժողովուրդ, դա հզորն է որոշելու՝ Հայաստանի քաղաքացին»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ կառավարության խնդիրն այն է, որպեսզի քաղաքացիներն ունենան այլընտրանքներ և քաղաքացիներն ունեն այլընտրանքներ։
«Ուզում եմ ասել, որ մեր այն գործընկերները, ովքեր նույնիսկ թաքնված սպառնալիքներով են արձագանքում այս գործընթացներին, իրականում գործում են իրենց դեմ։ Նրանք, ընդհակառակը, պետք է Հայաստանի ժողովրդին առաջարկներ ներկայացնեն, ասեն՝ մենք այս լավ բանը կանենք, այս լավ բանը կանենք։ Բայց փոխարենը ասում են՝ մենք այս վատ բանը կանենք, այս վատ բանը կանենք։ Դա անտրամաբանական է։
Անտրամաբանական է նաև Հայաստանին սպառնալ, օրինակ, բարձր գներով, որովհետև այդ սպառնալիքին կա պատասխան․ մենք շատ ավելի մեծ տնտեսական հնարավորություններ կունենանք, որպեսզի դա մեզ համար խնդիր չլինի։
Այսօր Հայաստանը դառնում է «Խաղաղության խաչմերուկ»։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը այլևս ոչ թե հազարների կամ միլիոնների, այլ միլիարդների և տրիլիոնների երկիր է դառնալու»,- ընդգծեց Փաշինյանը։
Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է տարածել, թե իբր Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե երկիրը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Պարբերականը գրել է, թե Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մայիսի 25-ին նման բովանդակությամբ նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ է մատակարարում առանց արտահանման տուրքերի և ներքին սպառման հետ կապված արտոնյալ պայմաններով։
Ըստ «Կոմերսանտ»-ի հրապարակման՝ եթե համաձայնագիրը դադարեցվի, Հայաստանը պարտավոր կլինի Ռուսաստանին փոխհատուցում վճարել կամ չվճարված գումարները կճանաչվեն որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանի Դաշնությանը։